«Գնալով համոզվում ենք, որ, այո՛, Քարվաճառը, Արցախը և առհասարակ Հայաստանը նրանց հայրենիքը չէ». Մետաքսե Հակոբյան
Հանրության մի մասի համար կարծես թե սովորական է դարձել, երբ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի ազատագրված այս կամ այն շրջանը համարում են ոչ հայկական։ Նման հայտարարությունների պակաս գրեթե չկա։ Դրա վառ օրինակներից մեկն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունն էր, թե Քարվաճառը հայկական չէ, և տարակուսել էր, թե կա այդպիսի դուխով մեկը, որ կարող է կանգնել ու հակառակը պնդել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով պատգամավորի այդ հայտարարությանը, նախ նշեց, որ դրա հետ կապված ֆեյսբուքյան գրառում է արել՝ հուսալով, որ ԱԺ-ում «ուսապարկերի հավաքածուն» կկարդա։
«Պատերազմից հետո փետրվարի 14-ին եմ եղել Շահումյանի շրջանում, այցելել եմ Դադիվանք։ Այդ օրը ներողություն եմ խնդրել մեր զոհվածներից ու երդվել, որ դա իմ վերջին այցը կլինի Քարվաճառ, մինչև նրա ազատագրումը։ Այն ստորացումները, որոնցով անցում ենք մինչև Դադիվանք հասնելը՝ անմարդկային է ուղղակի։ Իհարկե, այդ ամենը մեկ նպատակով է արվում՝ հային թույլ տալ այցելել Դադիվանք և հարմարվել այն մտքին, որ ասենք՝ դե ոչինչ, որ օկուպացված է, կարևորը՝ կարողանում ենք գնալ Դադիվանք»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, երեկ իրեն ստիպելով կարողացել է կարդալ պատգամավորի այդ խոսքերը, որտեղ չի լսել որևէ հայերեն խոսք, հայերեն մտածողություն, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով է պատգամավորը նման հայտարարություն անում։
«Գնալով համոզվում ենք, որ, այո՛, Քարվաճառը, Արցախը և առհասարակ Հայաստանը նրանց հայրենիքը չէ, դրա համար իրենք այդպես հանգիստ են խոսում, գնալով ավելի շատ են բացահայտում իրենց իրական կերպարը։ Օրեր առաջ էլ, ցավոք, ծնունդով Մարտունիից Արմեն Գրիգորյան անուն-ազգանունով անձը նշեց, թե թուրքը մեր թշնամին չէ։ Այստեղ ես ուզում եմ ուղղում կատարել՝ այո՛, թուրքն իրենց թշնամին չէ, իրենց բարեկամն է, բայց հայ ազգի թշնամին է։ Ով իրեն հայ է համարում, հայ է զգում, միանշանակ գիտի, որ թուրքն իր թշնամին է։ Ակնհայտ է, թե ինչու ենք իրենց այս մոտեցումը որդեգրել՝ պատվեր են կատարում, որի համար վճարվել են տարիներ շարունակ, իրենց ուղիղ վճարողը թուրքն է։ Թուրքը փողը տալիս է, իրենք թուրքի պատվերով ասում են այն անգիր արած տեքստերը, որոնք ստանում են նրանից»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ եթե իշխանության ներկայացուցիչը դուխից է խոսում, ապա իրենք դուխով ոչինչ չեն անում՝ ամեն ինչ անում են խելքով և սրտով։ Հետևաբար՝ ցանկացած հայի խելքն ու սիրտն իր հայրենիքի հետ է։
«Ի տարբերություն իրենց դուխի, ես խելքով ու սրտով եմ ասում՝ Քարվաճառն իմ հայրենիքն է։ Իմ հայրենիքն է նաև Քաշաթաղը, Ակնան, դրանք իմ ազատագրված հայրենիքն է եղել, մինչև այս թուրքահաճո իշխանությունները։ Մենք ապրում ենք միայն մեկ մտքով, նպատակով, գաղափարով, որ պետք է ազատագրենք մեր օկուպացված ու գերեվարված հայրենիքը։ Հանուն մեր հազարավոր զոհերի՝ մենք պետք է ազատագրենք մեր հայրենիքը և Դադիվանք գնանք՝ ոչ թե զբոսաշրջիկ, այլ՝ որպես զավակներ, ովքեր գնում են իրենց ծնողի տուն»,- շեշտեց պատգամավորը։
Հիշեցմանը, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հետադիմական էր համարում պատերազմով օկուպացված տարածքների ազատագրումը, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ նրանք տգետ են և քաղաքականությունից հարյուրավոր կիլոմետր հեռու են, չունեն տարրական գիտելիքներ, չեն հասկանում նույնիսկ դիվանագիտություն բառի իմաստը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն այդ մտքերն արտահայտում են այն մարդկանց համար, որոնք այսօր ասում են, թե Նիկոլը թագավոր է։
«Որևէ մեկը խաղաղության գինը չգիտի այնպես, ինչպես արցախահայությունը, պատերազմ անցած հայը։ Այսօր, երբ ասում ենք, որ մեր հայրենիքն ազատագրելու ենք, ո՞վ ասաց, որ մտածում ենք միայն պատերազմով ազատագրելու մասին։ Պետք է ազատագրենք դիվանագիտությամբ, որովհետև ի՞նչ է նշանակում՝ հնարավոր չեղավ հարցը լուծել դիվանագիտության միջոցով, իսկ իրենք այս երեք տարիների ընթացքում դիվանագիտությո՞ւն են վարել, հակառակն են արել, հրահրել են այս պատերազմը։ «Իմ քայլի» պատգամավորներից մեկն էլ պատերազմից առաջ ինձ համոզում էր, որ մենք հետադիմական ենք, քանի որ խաշլաման տանն ենք եփում, իսկ իրենք շատ ժամանակակից են, և նման բան ասում են այն մարդիկ, որոնք միայն կոպեկ էին հաշվում մինչև իշխանության գալը։ Եթե նման մարդիկ այդ մտածելակերպով եկել երկիր են ղեկավարում… սրանք ինչ ղեկավարներ, երկիրը տարան կործանման և դեռ շարունակում են»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։