«Ես բուժել եմ հազարավոր հիվանդների և ոչ մի երկու իրար նման COVID-19 չկա». Ինչո՞ւ են աճել կորոնավիրուսի թվերը

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորում է մի քանի գործոններով:

«Տարբեր երկրներ իրենց համար ձևավորեցին իրենց սեփական ուղեցույցները՝ անկախ ԱՀԿ տված ուղեցույցներից, իսկ Հայաստանը չներգրավվեց դրա մեջ: Ինքս մի քանի անգամ տարբեր երկրների փորձը համադրելով՝ փորձեցի ստեղծել նոր ուղեցույցներ՝ գոնե ամբուլատոր պայմաններում հիվանդների վարման, որ նրանք չհասնեն ծայրահեղ վիճակի, բայց դա էլ չընդունվեց նախարարության կողմից, որով կարող էին աշխատել բոլորը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա ընդգծեց, որ մասնագետից տրվող տեղեկատվությունը պետք է ստույգ լինի, և հիշեցրեց նախորդ տարի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները կորոնավիրուսի վերաբերյալ, որոնք, ըստ նրա՝ հանգեցրին այս իրավիճակին.

«Եթե իմ հիվանդը գալիս է ինձ մոտ, ես երկու այցի ժամանակ տարբեր բաներ ասեմ, դա նորմալ է, դա բնականոն բուժառուի հոգեբանություն է: Բացի այդ, երբ արդեն հասկացանք, որ՝ չէ, ավելի մեծ զանգվածը հավատում է կորոնավիրուսին, այդ ժամանակ պետք է տրվեր գրագետ ինֆորմացիա՝ բուժառուի վարքագծային ուղեցույցը, այսինքն՝ ո՞նց պետք է նա իրեն պահի: Լավ, այսօր ինքն ունի հարբուխային երևույթ, վստահ է, որ մրսած է. առ այսօր բոլորն առաջինն ասում են՝ ես լավ մրսած եմ, ոչ ոք չի մտածում, որ կարող է ունենալ կորոնավիրուսային ինֆեկցիա, բայց վերջում պարզվում է, որ ոչ մեկն ուղղակի մրսած չի լինում: Պետք է տային վարքագծային ուղեցույց՝ ինչպես վարվի մարդը:

Օրինակ՝ եթե մարդն ունի հարբուխային երևույթներ, ջերմության բարձրացում, պետք է իրազեկված լինի, որ դա թեթև ախտանիշն է, և եթե ջերմում է 37.5-ից ավելի 5 օր և ավելի, այ այստեղ պետք է կատարի համակարգչային շերտավորում, որովհետև 5 օրից ավել ջերմողը, և մեծահասակների դեպքում՝ 3 օրից ավել ջերմողը արդեն 99 տոկոս հավանականություն ունի, որ ունի կորոնավիրուսային ինֆեկցիայի բարդացում: Համակարգչային շերտավորումից հետո պետք է կատարվեն որոշակի հետազոտություններ, որպեսզի գնահատվի ծանրության աստիճանը, ոչ սպեցիֆիկ բորբոքային ցիտոգենային փոթորկի աստիճանը, և ի՞նչ կանխատեսում մենք ունենք. COVID-19-ը շատ նենգ վիրուս է, այն կարող է 24 ժամ հետո կրկնապատկվել:

Մենք անալիզներ անելով՝ տեսնում ենք, թե ինչ ենք սպասում ամեն տվյալ հիվանդից: Ես բուժել եմ հազարավոր հիվանդներ, և ոչ մի երկու իրար նման COVID-19 չկա, ամեն մեկն ունի իր գոնե փոքրիկ առանձնահատկությունը: Հարևանը հարևանին ասելով՝ սկսում էին հակաբիոտիկներ խմել, իսկ դրանք ընկճում էին իմուն համակարգը, կորոնավիրուսն ավելի արագ էր զարգանում, և ավելի լավ պայմաններ էին ստեղծվում, որ այն տարածվեր, և արդեն հաստատ թոքաբորբ էր զարգանում: Առաջին 7 օրը, հարգելի հայրենակիցներ, չի կարելի խմել հակաբիոտիկներ: Մենք պետք է այս ուղեցույցը տայինք, որովհետև առաջին 7 օրը COVID-19-ը իրեն պահում է՝ որպես սովորական շնչառական վարակ: Հետո, նախ պետք է ճշտել թոքաբորբի առկայությունը, երկրորդ՝ պետք է տեսնել՝ հակաբիոտիկի կարիքը կա՞, թե՞ ոչ, նոր հետո տալ: Առ այսօր կան դեպքեր, երբ մարդիկ իրենք իրենց նշանակում են հակամակարդիչ, որովհետև հարևանի տղան խմում է: Ո՞նց կարելի է սա: Ժողովուրդը թերիրազեկված է: Մենք խոսում ենք կորոնավիրուսի մասին, թե ինչու տարածվեց, քանի ալիք եղավ, բայց մենք չենք տալիս վարքագծային ուղեցույց, որ մարդն իրեն ճիշտ և գրագետ պահի»:

Բժշկի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը թերացել է, դրա համար առկա է նման իրավիճակ, և կորոնավիրուսն այսքան շատ տարածվում է:

Անդրադառնալով թեստերին, նա ասաց, որ դրական թեստը ոչ բոլոր դեպքերում է լինում դրական. «Այսինքն՝ մենք ունենք 30 տոկոս կորոնավիրուսի հաստատված ախտանիշներով բացասական թեստ: Դա ամբողջ աշխարհում է այդպես: Ինչո՞ւ է կորոնավիրուսի հաստատված ախտանիշը ունենում բացասական թեստ, բազմաթիվ պատճառներ կան. առաջին, սկսած նրանից, որ վիրուսը քթի և բերանի լորձաթաղանթից արդեն իջել է, այնտեղ չկա և, բնականաբար, ցույց չի տալիս, բայց դա չի նշանակում, որ կորոնավիրուս չունենք: Երկրորդ՝ թեստը վերցնելու տեխնիկական խնդիրը. Ես երկու անգամ COVID եմ տարել, երկու անգամ էլ բացասական թեստով, ու ամեն անգամ բուժքրոջը հարցնում էի՝ ինչո՞ւ այդպես մակերեսային վերցրեցիր, պատասխանում էր՝ չէի ուզում ձեզ շատ տրավմայի ենթարկել: Կամ թեստից առաջ սնունդ ընդունած են լինում, բայց պետք է պարտադիր սոված լինել, նույնիսկ հեղուկ ընդունած չլինել, ծխած չլինել: Այս ամենը պետք է ճիշտ պահել: Այսինքն՝ մենք ունենք ստույգ 30-40 տոկոս բացասական թեստով COVID հաստատված ախտանիշներով հիվանդներ: Ես ունեմ շատ հիվանդներ, որոնք չեն թեստավորվել, գնացել են համակարգչային շերտավորումով հաստատել են, որ ունեն թոքաբորբ, և իրենց թոքաբորբը բուժում են: Նրանք չկան պաշտոնական վիճակագրական տվյալներում»:

Նա նշեց, որ կորոնավիրուսի թոքաբորբ կոչվածը թոքերի վիրուսային ախտահարում է, թոքերի անոթների միկրոտրոմբոզ է, որը արտահայտվում է թոքի կաթվածով. «Այսինքն՝ դա բորբոքում չէ, բորբ չէ, և դա ակնհայտ չի կարելի շփոթել թոքի այլ ախտահարման հետ: Համակարգչային շերտագրման պատկերը այնքան տիպիկ է, այսպես կոչված՝ ճենապակու պատկերը, որ մենք տեսնում ենք, թոքի կաթվածի օջախներն են, դա բորբ չէ, և մենք բորբ չենք բուժում, այդիսկ պատճառով հակաբիոտիկն այստեղ անարդյունավետ է»:

Բժիշկն ընդգծեց, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը միջազգային համաճարակաբանները կանխատեսել են. «Ցանկացած համաճարակ ունենում է երեք ալիք, դա նորմալ է, երկրորդ ալիքը միշտ լինում է ավելի ուժեղ, քան առաջինը, և երրորդը՝ ավելի թույլ, քան առաջինը, բայց հիմա երրորդ ալիքն էլ առաջինի պես ուժեղ եղավ: Ես չէի կանխատեսում, որ թվերը կբարձրանան մինչև 1000: Երեք ալիքի ժամանակ էլ վիրուսը մուտացվեց, անձամբ ես մեծ տարբերություններ եմ տեսել: Օրինակ՝ հիմա՝ երրորդ ալիքի ժամանակ շատ կան դեպքեր, որոնք չեն ջերմում: Տեսեք՝ քիչ առաջ ասում էի՝ եթե 5 օր ջերմում է… չջերմող թոքաբորբեր էլ ունենք: Շատ են սրտխառնոցները, փսխումները, լուծերը, շատ-շատ են մաշկային ձևերը, որոնք երբեք առաջին-երկրորդ ալիքների ժամանակ ես չեմ հանդիպել: Այսինքն՝ մարդը ոչ մի գանգատ չունի, ունի մաշկային ցան և ջերմություն, և հանկարծ հայտնաբերվում է, որ կորոնավիրուս է: Այսինքն՝ վիրուսը մուտացվում է՝ պաշտպանվելու համար, որպեսզի իր կյանքն ավելի երկարացնի, և մենք անընդհատ ունենում ենք փոփոխություններ: Չորրորդ, հինգերորդ ալիք ես չեմ մտածում, որ կլինի, բայց վիրուսը կմնա մեր սուր շնչառական վարակների ստրուկտուրայում, և մենք անընդհատ կունենանք, ուղղակի այնքան պետք է մուտացվի, որ դառնա անվտանգ»:

Տեսանյութեր

Լրահոս