Թուրքերը կարող են գնել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը և այն դարձնել թուրքական բիզնես կենտրոն. Ռուբեն Մելքոնյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ արտգործնախարարի ասածն ու գործող իշխանության՝ տեսակետների հակադրության պատճառն այն է, որ գուցե Արա Այվազյանին դեռ չեն ներկայացրել, թե ինչպե՞ս պետք է շտկումներ անենք, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչպես կարծում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի գաղափարակիցն է Նիկոլ Փաշինյանը. գաղափարակից են հատկապես Թուրքիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում։
Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից և Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը: Մեր տեղեկություններով՝ լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի և ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջև:
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ խայտառակ պարզունակ են իշխանության պատկերացումները Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, և նման պատկերացումներով 100 տարի առաջ ևս պետություններ են եղել, որոնք հիմա չկան։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու հարցում կառավարող ուժի պատրաստակամությանը, ապա Մելքոնյանը նկատեց, որ դրա համար Թուրքիան առաջ է քաշել երեք նախապայման՝ Արցախի հարցից և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և Հայաստանի կողմից հողային պահանջի բացառում (Կարսի պայմանագրի ճանաչում):
Ռուբեն Մելքոնյանը վստահեցնում է՝ Կարսի պայմանագրի ճանաչումը տեղի կունենա, եթե հերթը հասնի Թուրքիայի հետ սահմանների դեմարկացիային։
«Ես կարծում եմ, որ այս կառավարությունը գնում է հենց այս նախապայմանները բավարարելու ուղղությամբ։ Չեմ բացառում, որ նոյեմբերի 9-ի նման ականատես լինենք մի փաստաթղթի, որով Հայաստանն ուղիղ կամ անուղղակի կարող է խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին, իսկ հայ-թուրքական սահմանները բացելու ժամանակ տեղի կունենա նաև սահմանների դեմարկացիա, իսկ դա կնշանակի, որ մեխանիկորեն թուրքական կողմից դրվելու է պահանջ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային անվտանգությունն ու հրաժարվել որևէ հողային պահանջից ու միայն դրա դիմաց ստանալ բաց սահմաններ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Փաշինյանի ու նրա թիմի վարած քաղաքականությունը հիմք է տալիս պնդելու, որ այս կերպ հարցը լուծելով՝ այս իշխանությունը կլինի այն աննախադեպ տապալված և ապազգային իշխանությունը, որը պետությանն այսքան վնաս հասցնելուց հետո անարժանապատվորեն կփորձի շարունակել իշխել երկրում։
Խոսելով Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու հեռանկարի մասին՝ թուրքագետը նկատեց, որ այս դեպքում ՀՀ-ին սպառնում է աջարացում, և ինչպես Վրաստանում է թուրքական կապիտալը դարձել դոմինանտ, այնպես էլ նույնի կրկնությունն է լինելու Հայաստանում։
Խոսելով մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ իրենք մտածում են Երևանի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք, Ռուբեն Մելքոնյանը պնդեց՝ նման հայտարարությունից ու իշխանության վարած քաղաքականությունից ու գործադրած ջանքերից գալիս է այն համոզման, որ չի բացառվում, որ իշխանությունը վաճառքի հանի ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկը։
«Չեմ բացառում, որ թուրքերը Հայաստանում հողեր գնեն, հատկապես, որ հիմա ունենք օրենքներ, որոնք այդ առումով վտանգավոր են։ Եթե սահմանները բացվեն, և այդ օրենքներում փոփոխություններ չարվեն, բարիերներ չդրվեն, ապա մենք մի օր կզարթնենք մի Հայաստանում, որտեղ սեփականատերեր են թուրքերը։ Տեսեք, եթե ներկայում հողատերերը չեն կարողանում իրենց հողը վաճառել, ապա վաղը թուրքերը դրանք կգնեն բարձր գներով։ Հայաստանը զավթելու թուրքական փափուկ տարբերակը լինելու է այն, որ թուրքերը կգան, կգնեն հյուրանոցներ, թուրքերը կարող են գնել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքն ու այն դարձնել թուրքական բիզնես կենտրոն։ Այդ ամենը հնարավոր է, քանի որ սրան նպաստող մտածողությունն ունի այս իշխանությունը ու դրան համահունչ քաղաքականություն է վարում, իսկ թե որ շենքը որ թուրքը կգնի և երբ, դա ընդամենը մանր դետալ է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։