Բաժիններ՝

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը. armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է. Գնդերեց Մանուկ Զեյնալյանը արցախյան վերջին պատերազմի մասնակից է։ Մարտական գործողությունների ավարտից հետո նա զոհվածների թաղման ծեսերն է անցկացնում։ Նա գիտի, թե ինչպիսին է երկրային դժոխքը։

Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գրեթե այցելուներ չկան։ Քար լռության մեջ զգացվում է խնկի հոտը և լսվում բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոցը։ Այս եռագույններով ծածկել են զոհված տղաների դագաղները` հողին հանձնելուց առաջ։ Բայց ծնողներից մեկը որոշել է տեղադրել այն որդու շիրիմին, ու դա ավանդույթ է դարձել։ Բոլոր շիրմաքարերից ժպտում են զինվորական համազգեստով ծանոթ ու անծանոթ տղաներ։ Նրանց տապանաքարերին թարմ ծաղիկներ են, փափուկ խաղալիքներ ու անգամ` փուչիկներ։

Военный пантеон Ераблур

Տղաներից մեկի շիրմաքարին գրված է` Էդգար 18, իսկ կողքին տորթ է` կիսավառված «19» թվանշնային մոմով։ Վարդերի փնջով տղամարդը հետզհետե անհետանում է շիրիմների արանքում, իսկ մեկ ուրիշն առանձնահատուկ հոգատարությամբ սրբում է որդու շիրմաքարը, խունկ ծխեցնում նրա շիրիմին, ապա կողքի հանգուցյալների։ Քիչ–քիչ մարդիկ ավելանում են, բայց առաջվա նման քար լռություն է։

Торт со свечками на могиле Эдгара в военном пантеоне Ераблур

Սթափվում ենք գնդերեց Մանուկ Զեյնալյանի զանգից։ Փորձում եմ նրան բացատրել, թե պանթեոնի որ մասում ենք, բայց չեմ կարողանում։ Նա խնդրում է ասել` ում շիրիմի կողքին եմ, ու ես կարդում եմ տեսածս առաջին իսկ անունը։ Մի քանի րոպե անց Տեր Մանուկը մոտենում է մեզ։

Капеллан Манук Зейналян в военном пантеоне Ераблур

– Դուք հիշո՞ւմ եք, թե ով որտեղ է թաղված։

-Իհարկե։ Նկատո՞ւմ եք, թե ինչպես են ծնողները բարևում տղերքին` «բարև, հարևան» ասելով։

-Այստեղ մի՞շտ այսքան լուռ է։

– Ոչ։ Երբեմն ամենաքիչը քսան մայր տարբեր գերեզմաններից ամեն մեկը մի ձևի լացում է։ Ուժ է պետք , որ դիմանաս։

– Դժոխք։

– Այո։ Փոխվեցին, աշխարհի գույները, փոխվեցին։ Այսպիսի անգույն գարուն չի եղել մեզ համար։ Բայց պետք չէ հուսահատվել։ Ես վստահ եմ , որ եթե Աստված տվել է այս դարդ ու ցավը, ուրեմն մենք կարող ենք տանել այն.. ու կտանենք։

Военный пантеон Ераблур

Տեր Մանուկը այս պատերազմում և նրանից հետո շատ դաժանություններ է տեսել։ Արդեն մի քանի ամիս է` զոհվածների հուղարկավորության ծեսերն է իրականացնում, ոմանց անձամբ ճանաչել է։ Նա հատ–հատ մոտենում է շիրիմներին ու յուրաքանչյուրի մասին պատմում։ Գիտի, թե ով որտեղ է կռվել, ում հետ է ընկերություն արել և երբ զոհվել։ Յուրահատուկ ակնածանքով մոտենում է Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի շիրիմին։ Նրանք մարտական ընկերներ էին ու բազում թեժ կետերում են միասին եղել։ Իսկ հիմա գրեթե ամեն օր նրա շիրիմի մոտ են հավաքվում մարտական ընկերները ու հիշում տարբեր պատմություններ։

Военный пантеон Ераблур

«Մարդկանց կարող է թվալ, թե հոգևորականները հետզհետե սովորում են, սառում են, բայց այդպես չէ։ Ամեն հուղարկավորություն ժամանակ վերքը նորովի է ցավում։ Եղել են օրեր, երբ 15-18 արարողություն ենք արել։ Թվում էր, թե սպառվել ենք, ոչնչացվել ենք, բայց Աստված օգնում էր, ուժ էր տալիս», – նշում է նա։

Քահանայի բախտը չի բերել, նա անձամբ է հուղարկավորել է իր մարտական ընկերներին։ Նրանց մասին խոսելիս անվան վերջում ավելացնում է «ս» հոդը ու հերթական պատմությունը պատմելիս ասում. «Չկար նրա նման։ Առյուծի ձագ էր։ Հզոր»: Սակայն Տեր Մանուկի համար ամենածանրը Ղարայանների հոգեհանգիստն էր. մի ընտանիքից զոհվել էին հայրն ու երկու որդիները։ Հոգևորականը պատմում է նրանց մասին ու առանց դժվարության գտնում շիրիմները։ Նրա ձայնը սկսում է դողալ, խռպոտանում է, բայց Տեր Հայրը շարունակում է` պետք է վրեժ լուծել շատ երեխաներ ունենալով։

Военный пантеон Ераблур

«Օրերս մի հերոսի թաղման էի։ Ներկա էր մոտ երկու հազար մարդ։ Նրա մայրը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ հաջորդ տարի այդ օրը զավակ է ունենալու։ Այդ կինն ինձ համար իր տղայից տասն անգամ ավելի հերոս է», – ասում է հոգևորականը։

Նա լռում է մի քանի վայրկյան, այնուհետև դողացող ձայնով պատմում, որ օրեր առաջ զոհված զինվորի 12-13 տարեկան քույրը փուչիկներ էր բերել, դրանց նամակ ամրացրել, որ օդ բաց թողնի, ու եղբայրը կարդա իր մաղթանքները։ Գուշակում եմ, որ Էդգարի քույրն է եղել, բայց չեմ համարձակվում հարցնել։ Լռում ենք ևս մի քանի վայրկյան, բայց հանկարծ Տեր Մանուկը նկատում է հեծկլտացող կանանց ու մոտենում նրանց։ Գրկում է նրանցից մեկին ու առաջարկում աղոթել միասին։

Նա սկսում է կարդալ «Հայր մերը», ու ամեն ինչ կանգ է առնում։ Ավարտում է աղոթքն ու ծնկի գալիս, ձեռքը դնում տղայի շիրիմին և հազիվ լսելի ձայնով արտաբերում. «Հոգուդ խաղաղություն, Կարեն ջան»։ Տղայի մայրը սկսում է բարձր հեկեկալ, մենք էլ այլևս չենք կարողանում մեզ զսպել։ Քայլ առ քայլ հեռանում ենք, Տեր Հայրը հետևում է մեզ։

Военный пантеон Ераблур

«Երբ տղերքս գնում էին գործողության, աղոթում էինք միասին, օրհնում էի ու հորդորում ծայրահեղ վիճակում չվախենալ, այլ բարձր գոռալ` Տեր ողորմյա։ Երբ վերադառնում էին, պատմում էին, որ բազում անգամներ լսել են արկի սուլոցը, բայց այն չի պայթել։ Պետք է հասկանալ, որ սա տարածքային պատերազմ չէր, այլ բարու ու չարի պայքար էր, ու այն ավարտված չէ, որովհետև բարին միշտ հաղթում է», – ասում է Տեր Հայրը։

Капеллан Манук Зейналян у могил отца и сыновей Гарегина, Давида и Вазгена Казарянов в военном пантеоне Ераблур

Շարունակում ենք քայլել։ Նա անվերջ պատմում է տղաների սխրանքների մասին, մենք ևս մի քանի կանգառ ենք անում մեր ընդհանուր ծանոթների ` Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի ու գնդերեց Նարեկ Պետրոսյանի շիրիմների մոտ։ Պատմում ենք իրար տարբեր դրվագներ, երբեմն ժպտում, իսկ երբեմն գլուխ խոնարհում, որ արցունքները չերևան։

Капеллан Манук Зейналян у могилы своего командира, Национального героя Ваагна Асатряна в военном пантеоне Ераблур

Տեր Մանուկը երկար նայում է տղաների լուսանկարներին ու ասում, որ բոլորը հաղթող են, որ նրանց աչքերն ու ժպիտները շատ նման են։ Բոլորին պետք է հատ –հատ հիշել ու հարգել նրանց հիշատակը, սակայն պետք չէ մոռանալ նաև փրկվածների մասին։ Վիրավոր տղերքը պետք է առաջնահերթություն լինեն, բոլորը պետք է հոգ տանեն նրանց մասին ու օգնեն վերականգնվել։ Տեր Մանուկը ավելի ու ավելի է հուզվում, նա հետզհետե ավելի երկար է լռում, ու մենք հասկանում եք, որ երկու ժամից ավելի տանջել ենք նրան։ Հեռանում ենք, իսկ նա տարրալուծվում է տղաների շիրիմներին ծածանվող բազմաթիվ դրոշների մեջ։

Капеллан Манук Зейналян у могилы капеллана Нарека Петросяна в военном пантеоне Ераблур

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս