Բաժիններ՝

Մեր որոշ մեղքերի մասին գիտենք միայն մենք

Մեր որոշ մեղքերի մասին գիտենք միայն մենք: Թաքցնում ենք մեր մեղքերը այլ մարդկանցից: Սակայն այդպիսով ինքնախաբեությամբ ենք զբաղվում, եթե կարծում ենք, որ Աստված նույնպես չի տեսնում դրանք, և կարիք չկա անգամ դրանց համար ապաշխարելու և ներում հայցելու:

Ո՞վ գիտի մեր մեղքերի մասին

Անգամ եթե ոչ ոք չգիտի մեր մեղքերի մասին, անգամ եթե մեր մեղքն արահայտվել է ոչ թե գործով, այլ մտքերով, անգամ եթե մեր միտքը հայտնի չի եղել ոչ ոքի, վստահ պիտի լինենք, որ այն հայտնի է Աստծուն: Ինչպե՞ս կարող է արարածը թաքցնել որևէ երևույթ իր Արարչից: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամենազոր Աստված տեղյակ չլինի այնպիսի մարդկային թուլություններից, ինչպիսին մեղքն է:
Եվ ուստի՝ զուր են մեր ջանքերը՝ մեղքը թաքցնելուն ուղղված, քանի որ անհնար է հաջողելը նման սխալ ճանապարհին: Անհնար է Աստծուն մոլորեցնել և Աստծուց թաքնվել:

Եթե մոռանա՞մ մեղքի մասին

Հնարավոր է խոստովանության ժամանակ չհիշենք որոշ մեղքեր, որ գործել ենք. դա սարսափելի չէ, եթե մեր խոստովանության ցանկությունը և փորձը անկեղծ են: Մեղքի գիտակցումը ենթադրում է զղջում և ապաշխարություն, որին էլ հաջորդում է ներումը: Մեղքի մասին դիտավորյալ կերպով մոռանալով՝ ոչինչ չենք փոխում իրականության մեջ. կրկին մնում ենք նույն մեղք գործածը, կրկին մնում ենք մեղսավոր: Մեղքի մասին չպիտի մոռանանք անգամ ներում ստանալուց հետո: Այդպիսով մեզ ետ կպահենք կրկին սխալվելուց ու մեղքի մեջ հայտնվելուց:

Հիշենք, որ քրիստոնյային վայել է պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնելը: Ինչպես նույնն արեց Քրիստոս՝ խաչը բարձրանալով՝ ողջ մարդկության մեղքերի համար:

Իսկ ի՞նչ կանի Աստված

Պետք չէ վախենալ, թե Աստված մեզ կպատժի մեր մեղքի համար: Ընդհակառակը, եթե մեր մեղքերը ճանաչենք և քաջություն ունենանք դրանք խոստովանելու, ներում պիտի ստանանք: Քրիստոս մի մեղավոր կնոջ ասում է. «Ես քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8:11): Այսպես է յուրաքանչյուրիս պարագայում: Մեր մեղքերը գործիքներ ու պատրվակներ չեն Աստծո ձեռքին, որպեսզի մեզ դատապարտի, այլ ընդհակառակը, Նա ձեռք է մեկնում բոլորին, ովքեր, գիտակցելով իրենց մեղքերը, ցանկանում են շտկել սխալները:

Ես քեզ չեմ դատապարտում… Թող այս խոսքը լինի սկիզբը մեր մեղքի գիտակցման, ներում հայցելու և թողության ճանապարհին: Միայն մեր թեկուզ բոլորին անհայտ և միայն մեզ ու Աստծուն հայտնի մեղքերը գիտակցելով է, որ կկարողանանք քայլել ներում ստանալու ճանապարհով:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս