«ԲՀԿ-ն որևէ բանից հետ չի կանգնել». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին պատրաստ է մասնակցելու բոլոր տիպի ընտրակարգերով, լինի համամասնական թե ռեյտինգային:

«Մենք մեր տարածքային կառույցների հետ մշտապես կապ ենք պահում, և աշխատում ենք, մենք մեր թիմերով անձամբ լինում ենք մարզերում, այնպես որ՝ որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր պետք է արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է, հանգուցալուծում տեղի ունեցավ, հիմա պետք է արժանապատիվ գնանք այդ ընտրություններին: Մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն և կառուցելու մեր երազանքների հայրենիքը, որը մենք միշտ երազել ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ իրենք տեղյակ են եղել Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին, սակայն կոնկրետ ժամի մասին չեն իմացել:

Հարցին՝ ԲՀԿ-ն ինչո՞ւ հետ կանգնեց իր պահանջից՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն իր պահանջներից հետ չի կանգնել:

«ԲՀԿ-ն որևէ բանից հետ չի կանգնել, պարոն Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ հստակ իր մոտեցումները ներկայացրեց: Մենք որևէ բանից հետ չենք կանգնել, որն է եղել նպատակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝  հրաժարականը լինելու է»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, բայց լինելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Միքայել Մելքումյանը նկատեց՝ կլինի հրաժարական, որին էլ կհաջորդեն արտահերթ ընտրությունները:

Տեսանյութեր

Լրահոս