Լույս է տեսել Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921)» գիրքը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում մարտի 19-ին տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ («Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press») անգլալեզու գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացվում է ամերիկյան առաջատար վեց թերթերում («Նյու Յորք Թայմս», «Բոստոն Դեյլի Գլոբ», «Չիկագո Տրիբյուն», «Քրիստիան Սայենս Մոնիտոր», «Լոս Անջելես Թայմս», «Վաշինգտոն Փոստ») 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարների ագրեսիայի մասին պատմող հրապարակումները:
«Գրքում ներկայացված է Անդրկովկասում թաթարների հարձակումները հայերի վրա, մասնավորապես` Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և Զանգեզուրում: Գրքում հիշատակվում են նաև այլ շրջանների վրա հարձակումների մասին, սակայն կենտրոնացել եմ Անդրկովկասի վրա»,- ասաց Արա Քեթիպեանը:
Ըստ գրականագետի` իր նպատակն է ցույց տալու, որ ադրբեջանցիների հարձակումները նոր չեն, և Խորհրդային Միության կազմավորումից առաջ էլ նրանք հայերի դեմ հարձակումներ էին իրականացնում:
«Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ միջազգային մամուլը և վերլուծաբանները անդադար գրում էին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո է հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ այդ հարցը շատ ավելի հին է, և պատմությունը կրկնվում է: Այն ժամանակ էլ թուրքերը համագործակցություն էին թաթարների հետ ընդդեմ հայերի, միջազգային հանրության անտարբեր էր և որպես հարցի լուծման տարբերակ առաջ էր մղվում տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»,- ընդգծեց Քեթիպեանը:
Արա Քեթիպեանը «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն. Հաղոդումներ ամերիկյան մամուլում» («The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press») բազմահատորյակի համահեղինակն է: