Սամիա Հասան Սուլուհուն ստանձնեց Տանզանիայի նախագահի պաշտոնը
Սամիա Հասան Սուլուհուն, որն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, մարտի 19-ին երդում է տվել որպես Տանզանայի՝ թվով վեցերորդ նախագահ՝ մարտի 17-ին պետության ղեկավար Ջոն Մագուֆուլիի մահվանից հետո: Այդ մասին հայտնել է տանզանիական The Citizen թերթը։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Տանզանիայի նախագահի պաշտոնական նստավայրում՝ երկրի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամում: Ինչպես նշում է հրատարակությունը, Սուլուհուն դարձել է աֆրիկյան այդ երկրում առաջին կինը պետության ղեկավարի պաշտոնում: Տանզանիայում գործող սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում փոխնախագահն ստանձնում է պետության ղեկավարի պաշտոնը եւ այդ պաշտոնում է գտնվում մինչեւ մանդատի գործողության ամբողջ ժամկետի լրանալը:
61-ամյա Սուլուհուի ներկայիս մանդատն ավարտվում է 2025 թականի վերջին: Մագուֆուլին մահացելէ մատի լույս 17-ի գիշերը սրտի խնդիրների պատճառով Դար Էս Սալամի Մզենա հիվանդանոցում: Հրատարակությունը նշում է, որ մարտի 20-ին կկայանա երկրում կառավարող Հեղափոխական կուսակցության ղեկավարության նիստը, որտեղ կընտրվի նոր փոխնախագահ:՛ Սամիա Հասան Սուլուհուն ծնվել է Զանզիբար կղզում եւ մուսուլման է:
Նա իր քաղաքական կարիերան սկսել է 2000 թվականին, երբ ընտրվել է խորհրդարանում: Այնուհետեւ Սուլուհուն զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ: 2015 թվականին Ջոն Մագուֆուլին նրան ընտրել է որպես փոխնախագահ այն ժամանակ կայացած նախագահական ընտրություններում: Նա կրկին իր թեկնածությունը քվեարկության է դրել 2020 թվականի հոկտեմբերին Մագուֆուլիի հետ տանդեմով, որը համոզիչ հաղթանակ է տարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: