Նազիկ Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Նազիկ Ամիրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

2001թ.մարտին կազմված բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտով Նազիկ Ամիրյանը ձեռք է բերել դրանք, իսկ ՓԲ ընկերությունը վերակազմավորվել է «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության:

Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նախնական դիտավորության իրականացման շրջանակներում այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ընկերությունը միտումնավոր կառավարել է անարդյունավետ, վերջինս ոչ միայն չի մարել ընկերության կրեդիտորական պարտքերը, այլև իր գործողություններով ավելացրել է դրանց ծավալը, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:

Ն. Ամիրյանի խնդրանքով վերջինիս մտերիմը, իր անունից մասնակցելով ԴԱՀԿ ծառայության կողմից «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի անշարժ գույքի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին և ճանաչվելով հաղթող, 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով շուկայականից էականորեն ցածր գնով՝ 8,318,880 ՀՀ դրամով, ձեռք է բերել ընկերությանը պատկանող 9263,32քմ ընդհանուր մակերեսով արդյունաբերական արտադրամասը, որի վերանորոգմանն էլ հիմնականում ուղղված են եղել Նազիկ Ամիրյանի կողմից կատարված մասնակի ներդրումները: Այսինքն՝ Ն.Ամիրյանը կանխամտածված կերպով մասնակի ներդրումներ է կատարել այն արտադրամասում, որն ի սկզբանե նպատակ է ունեցել դուրս բերել ընկերության գույքային ֆոնդից և հափշտակել՝ դարձնել իրենը:

Այնուհետև, ձեռք բերված գույքն իրեն փաստացի պատկանող մեկ այլ կազմակերպության հաշվեկշռում ներառելու, ընկերությանը պատկանող այլ գույքեր ձեռք բերելու և այդպիսով հափշտակություն կատարելու մտադրությունը վերջնականապես իրագործելու նպատակով Նազիկ Ամիրյանը նույն մտերիմի անվամբ ձևականորեն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի միջոցով կրկին մասնակցել է ԴԱՀԿ ծառայության կողմից ընկերության շարժական գույքերի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին, որի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ վերոնշյալ ՍՊԸ-ի լիազորված անձը ԴԱՀԿ ծառայության հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և 86 անվանում շարժական գույքերը ձեռք է բերել էականորեն ցածր գնով՝ ընդամենը 547,500 ՀՀ դրամով: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:

Այնուհետև, կարճ ժամանակ անց՝ 2004թ. մայիսի 4-ին Նազիկ Ամիրյանն իր մտերիմի միջոցով ՍՊԸ-ի 100% բաժնեմասն (222,020,000 ՀՀ դրամ արժողությամբ) օտարել է մեկ այլ անձի, իսկ 2004թ. հունիսի 2-ին նշված ընկերության հիմնական միջոցները, ֆինանսական միջոցները, ապրանքանյութական պաշարները, պատրաստի արտադրանքը և պարտքերը փոխանցվել է մեկ այլ փակ բաժնետիրական ընկերության:

Նազիկ Ամիրյանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել և ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, և ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին, պատճառելով խոշոր չափի՝ 213,103,620 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, պետությունը զրկվել է իրեն պատկանող 80% բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից, որի հետևանքով բաց է թողել ընդհանուր 205,700,000 ՀՀ դրամ ներդրման ձևով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Լրահոս