«Հենց երկրի անվտանգության նպատակահարմարություններից ելնելով է պետք այսօր ընտրություններ կատարել». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հավանականությունը քիչ է, որ մինչև հունիսի 20-ը կհասցնեն նոր Ընտրական օրենսգիրքն ընդունել, սակայն քննարկումներ կան:

«Ես չեմ բացառում, որ մենք հընթացս կունենանք ԱԺ նիստ, որի ընթացքում կքննարկենք Ընտրական նոր օրենսգիրքը: Չեմ կարող ասել՝ մեր խմբակցությունը հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով է ցանկանում գնալ ընտրությունների, խմբակցությունը միասնական է որոշում կայացնում, քննարկում բոլոր հարցերը: Կարծում եմ՝ մինչ ընտրությունները մենք ռազմական դրությունը կհանենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ընտրություններին արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ժամանակին նրանց կողմից պետական ռեսուրսների օգտագործում ընտրությունների ժամանակ եղել է: Հետևաբար՝ հասկանում է, որ այդ ուժերից նախկին իշխանության ներկայացուցիչները փորձելու են օգտագործել ինչ-որ ռեսուրսներ, սակայն իրավապահները կարող են և զբաղվելու են՝ կանխելու համար փող բաժանելու մեթոդները:

«Այս ընտրություններում մեր շանսերը բարձր եմ գնահատում, քանի որ նախկին բոլոր ուժերն ընտրություններն անցկացրել են կեղծիքներով և նույնիսկ իշխանություն լինելու պարագայում իրենք չեն կարողացել ընտրվել առանց կեղծիքներ անելու: Ուստի այս պարագայում, երբ նրանց թևերը կտրված է՝ պետական ռեսուրսներին մոտ գալու, կարծում եմ՝ նրանցից ոչ մեկը նման մեթոդների դիմելու շանս չունի»,-հավելեց նա:

ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծեց՝ կարծիքը, որ Ընտրական օրենսգրքից պետք է հանվի ռեյտինգային համակարգը, սակայն պատրաստ է ՀՀ ցանկացած ընտրատարածքում՝ որպես ռեյտինգային թեկնածու, առաջադրվել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և իշխանության մեկ ամիս առաջ արված հայտարարությանը, որ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ չկա, Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ իշխանությունը չի ասել, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, այլ ասել են, որ ընդդիմության ձևավորած օրակարգը ճիշտ չէ:

«Խոսքը գնում էր ընդդիմության մասին արտահերթ ընտրության պահանջին, որովհետև իրենք ասում էին, որ Վազգեն Մանուկյանն է իրենց թեկնածուն, և մեկ տարի է պետք: Իշխանությունը միակն էր, որ բացահայտ ասում էր արտահերթ ընտրությունների գնալը: Հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա Հայաստանում, և այն էներգիան, որը կուտակվել է, պետք է գնա ու լցվի քվեատուփի մեջ: Հասարակության մեծամասնությունը հիասթափված է քաղաքական բոլոր ուժերից: Հենց երկրի անվտանգության նպատակահարմարություններից ելնելով է պետք այսօր ընտրություններ կատարել, որովհետև երկիրը չի կարող անընդհատ ցնցումների մեջ գտնվել»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս