
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Անդրանիկ Քոչարյանի՝ պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և հանձնաժողով ստեղծելու հարցով

ArmNews լրատվականի լրագրող Անի Գևորգյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օրերս դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:
Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում լայն հանրությանը դրա մասին տեղեկացրել է գրառմամբ:
«Այսօր դիմել եմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:
Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից:
Երեկ էլ դիմել եմ նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը խորհրդարանում բարձրաձայնելու համար»,- գրել է Անի Գևորգյանը: