ԱԱԾ-ն՝ խուճապի մեջ

Մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Այսօր մարտի 17-ն է, և մեր հրապարակումից 7 օր անց դեռ ԱԱԾ-ում մտմտում են՝ ինչ անել: Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակում ենք այդ հրապարակմանը հետևած ուժային կառույցների տվայտանքների ոդիսականը:

Վերջին անգամ՝ մարտի 15-ին, ԱԱԾ-ից մեզ տեղեկացրել էին, որ իրավապահ այդ կառույցում 168.am-ի հրապարակման և Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանի՝ հանցագործության մասին գրավոր հաղորդման փաստերով նյութեր են նախապատրաստվում:

Այսօր ԱԱԾ-ից, ի պատասխան գործի ընթացքի վերաբերյալ մեր հարցման, պատասխանեցին, որ նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է… 7 օր անց…

ԱԱԾ ղեկավարությունն իզուր է կարծում, որ թեման մոռացության տալու դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ 2018թ.-ի հայտնի գաղտնալսումների պարագայում, երբ ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ-Նիկոլ Փաշինյան եռյակը հեռախոսով տնօրինում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման փաստով քրեական գործի ընթացքը, կարճ ժամանակ անց ամեն բան կլինի առաջվա պես. ըստ ամենայնի՝ չի լինելու:

Եվ փոխանակ ԱԱԾ տնօրենի տեղակալը գլուխը կախ լսի, թե ինչպես է ի լուր ամենի իմքայլական Անդրանիկ Քոչարյանը հայտարարում, որ ԱԱԾ տնօրենին «խնդրել է» կոնկրետ փաստերով քրեական գործեր հարուցել, ինչի իրավունքը նա չունի ու չի կարող ունենալ, լավ կանի՝ իր ղեկավարության հետ միասին, կողմնորոշվի՝ որն է ամեն դեպքում իրենց կառույցի առաքելությունն այսօր:

Տեսանյութեր

Լրահոս