168.am-ի սկանդալային հրապարակումից 5 օր անց ԱԱԾ-ում դեռ նոր նյութեր են նախապատրաստվում
168.am–ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Հիշեցնենք, որ 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։
Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:
168.am-ին դատախազությունից նախ տեղեկացրեցին, որ մեր ներկայացրած տեսանյութերն ուսումնասիրվում են, ապա ասացին, որ այն արդեն ուղարկել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Մարտի 12-ի առավոտյան կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ, որտեղից ասացին, որ դեռ պաշտոնապես չեն ստացել Դատախազության ուղարկած 168.am-ի հրապարակումն ու այդ առնչությամբ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդումը հանցագործության մասին:
Տարօրինակ էր, իհարկե, Վազգեն Սարգսյան 5-Նալբանդյան 104 հասցեներով առավելագույնը 2 կիլոմետրանոց ճանապարհը 2 օրում անցնելն այդքան բարդ էր, բայց և հասկանալի. Հայաստանի իրավապահ մարմիններն ակնհայտորեն ձգձգում են կատարվածին քրեաիրավական գնահատական տալու իրենց օրենսդրական և պաշտոնեական պարտավորությունը՝ թերևս հույս ունենալով մոռացության տալ թեման:
Այսօր, սակայն, ԱԱԾ-ից մեզ ասացին, որ պաշտոնապես ստացել են դատախազության կողմից ուղարկված մեր հրապարակումն ու Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդումը հանցագործության մասին, և այս պահին ԱԱԾ-ում այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի քննիչ Արթուր Այվազյանի կողմից կատարված առերևույթ ծանր հանցագործության մասին 168.am-ը հրապարակում էր կատարել մարտի 10-ին: Ըստ էության այդ հրապարակումից 5 օր անց ԱԱԾ-ում դեռ նյութեր են նախապատրաստվում: