«Կառավարությունը Ձեզ չի՞ վստահում, պարոն քաղաքապետ». Արմեն Ներսիսյանը՝ Հայկ Մարությանին
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթ ունեցով և դժգոհեց իշխող ուժի աշխատանքից: Բյուջեի կատարողական ծախսային մասը կատարվել է ընդամենը 63.5 %-ով:
«Ես, երկու տարի է, հնչեցնում եմ հարցեր վթարային շենքերի մասով, բնակիչները փոխանակ Ձեզ ահազանգեն, ձեր ավագանիներին ահազանգեն, չգիտես ինչի՞, ձեզ են ընտրել, բայց մեզ են ահազանգում, բայց սայլը տեղից չի շարժվում: Ասում եք՝ գումար չկա, փող չկա, բայց մի տեղ էլ փող կա, կատարողականները լիարժեք չեք կատարել, շատ թերի եք աշխատել, շատ վատ եք աշխատում դուք բոլորդ, ասեմ ձեզ՝ իմանաք»,- ասաց Ներսիսյանը:
Դիմելով քաղաքապետին՝ ԲՀԿ-ական ավագանու անդամն ասաց, որ Մարությանը պետք է ձեռագիր թողնի քաղաքում, ինչը չի անում:
«Պետք է շենքեր կառուցեք, գումարներ հայթայթեք, չնայած, որ գումարներ հայթայթեիք այդ վթարային շենքերի բնակիչների համար նորից տներ չկառուցեիք, որովհետև այլ դեպքում գումարները հաստատված, պատրաստ, չեք արել, ասում եք՝ կորոնավիրուսն էր պատճառը, պատերազմ էր, բոլորը հասկանալի է, բայց այնտեղ հարցեր կային, որոնք դուք կարող էիք շատ լավ կատարել, կազմակերպել, բայց դա էլ եք թերացել, չեք արել»:
Ներսիսյանը հռետորական հարց հնչեցրեց, թե Երևանի համար 10 շենք կառուցելը մե՞ծ խնդիր է:
«Կառավարությունը 750 կամ 780 մլն դոլար փող էր վերցնում պարտքով ուրիշ երկրներից, այսինքն՝ վարկ էր վերցնում, է թող 40 մլն էլ ձեր համար ուզեիք, թե՞ չեն վստահում, պարոն քաղաքապետ, Ձեզ: Ե՞րբ եք գնացել դիմել, որ նրանք էլ տվել են կամ չեն տվել, եթե մերժել են, բարձրաձայն ասեք, որ ժողովուրդն իմանա, որ Կառավարությունը Ձեզ մերժում է»,- ասաց Ներսիսյանը: