Հիմարություն կամ դավաճանություն․Նիկոլ Փաշինյանի երկընտրանքը
Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից ու կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին տրվող գնահատականները բաժանվում են երկու մեծ խմբի. գնահատողների մի մասը գտնում է, որ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը պետությունն այս վիճակի են հասցրել հիմարության, տխմարության, ապիկարության, ոչ կոմպետենտության պատճառով, կարծիքների մյուս խմբի ներկայացուցիչների համաձայն, տեղի է ունեցել դավաճանություն կամ դավադրություն։
Այսինքն՝ գործ ունենք իշխանության հետ, որն ընդհանուր առմամբ բնորոշվում է երկու հատկանիշով՝ կա՛մ պայմանական հիմարություն, կա՛մ դավաճանություն։ Ընդ որում, իշխանությանը որպես հիմար ներկայացնողները, մի մասը՝ մտածված, մյուսները՝ ակամա, առերևույթ այդ որակումներով քննադատելով իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին՝ փրկում են վերջիններիս դավաճանության պիտակից։
Դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար խիստ նախընտրելի տարբերակ է, քանի որ ակնհայտ է՝ ավելի լավ է որակվել՝ որպես հիմար, քան՝ որպես դավաճան։ Հիմարության թեզն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, զարգացրեց մարտի 1-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ ինքն ու իր իշխանությունն անցած շուրջ երեք տարիներին գործել են բոլոր հնարավոր սխալները, ինչի համար նա անգամ ներողություն խնդրեց նույն հրապարակում։
Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ ծնկի գալ, մազերը խուզել կամ ակրոբատիկական հնարքներ անել՝ դավաճանի պիտակից ազատվելու համար, եթե անգամ դրա գինը հիմարության պիտակով ներկայանալն է։
Գնահատականներից ո՞րն է ավելի շատ համապատասխանում իրականությանը, ցույց կտան ժամանակը, պատմությունը, գուցե հատուկ քննությունները։ Բայց անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ Հայաստանը, մի մոտեցման համաձայն, ղեկավարում է հիմարների հավաքականությունը, մյուս մոտեցման համաձայն՝ դավաճանների խունտան։
Այսինքն՝ Հայաստանն ապրում է իրականությունում, որտեղ երկրի համար կարևոր որոշումներ են կայացնում կամ տապալում են որոշումների կայացումը կա՛մ հիմարները, կա՛մ դավաճանները։ Սա կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական և չվերաբերեր Հայաստանին, որը, փաստորեն, ղեկավարվում է կամ հիմարների, կամ դավաճանների, կամ հիմար դավաճանների և կամ դավաճան հիմարների կողմից։
Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ անգամ ամենամոլի նիկոլապաշտները նրա մասին որևէ դրական մակդիր չեն օգտագործում, որևէ մեկը չի ասում, թե նա իմաստուն կամ շրջահայաց առաջնորդ է ու հմուտ կառավարիչ։ Նման բան ասողներ չկան, որովհետև որևէ մեկը չի ցանկանում արժանանալ մտավոր շեղում ունեցողի գնահատականի։
Ահա, անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն իրենց աջակցությունը սահմանափակում են սոսկ արդարացումներ հորինելով՝ նախկինները, թալանը, Ռուսաստանը, Արևմուտքը․․․
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը հիմնված է՝ արդարացումների, և ոչ երբեք՝ որևէ պոզիտիվ հատկանիշի վրա։ Ու այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կամ ցույց է տալիս, որ ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների։
Ի՞նչ կարող է նա ասել քաղաքացիներին ընտրարշավի ժամանակ։ Մինչև որևէ ծրագիր ներկայացնելը, թեև նրանից որևէ ծրագիր ակնկալելն արդեն իսկ անմտություն է, Փաշինյանը նախ պետք է արդարանա՝ փորձի հասարակությանը համոզել, որ իր իշխանությունը ո՛չ հիմար է, ո՛չ դավաճան, կամ, որ միայն հիմար է, բայց ոչ՝ դավաճան։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների է գնալու ոչ թե պոզիտիվ օրակարգով, այլ նեգատիվի ժխտման մղումով։
Կհաջողի՞։ Խիստ կասկածելի է։
Արշավիր Իշխանյան