«Մարալի ազատ արձակման հարցում հիմնական գործն արել է Լիբանանի կառավարությունը, և ոչ՝ Հայաստանի կառավարությունը, և ոչ՝ Հայաստանի խորհրդարանը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալով՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատելու գործում մեծ ներդրում ունենալու համար։
«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում:
«Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- նշված է հրապարակված հայտարարության մեջ:
Մինչդեռ արդեն եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Մարալ Նաջարյանին Լիբանան վերադարձնելու հարցում մեծ ներդրում են ունեցել Լիբանանի կառավարությունը, այդ երկրի «Կարմիր խաչը» և «Հայ դատի» գրասենյակը։
Ավելին՝ համացանցում տարբեր գրառումներով օգտատերերն իրենց շնորհակալությունն էին հայտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ով առաջիններից էր, որ հայտնեց գերությունից Մարալ Նաջարյանին վերադարձնելու մասին: Շատերը նրան իրենց շնորհակալությունն էին հայտնում՝ Մարալ Նաջարյանին գերությունից վերադարձնելու հարցում մեծ աշխատանք տանելու համար։
168.am–ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, նկատեց՝ ՀՀ ԱԺ կին պատգամավորներով դիմել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, սակայն հիմնական աշխատանքը տարվել է Լիբանանի կառավարության կողմից։
«Մարալի ազատ արձակման հարցում հիմնական գործն արել է Լիբանանի կառավարությունը, և ոչ՝ Հայաստանի կառավարությունը, և ոչ՝ Հայաստանի Խորհրդարանը։ Նաև հիմնական աշխատանքը տարել է Լիբանանի «Կարմիր խաչը», լուրջ աշխատանք է տարել այնտեղի «Հայ Դատի» գրասենյակը, այո, ՀՀ Խորհրդարանը ևս դիմել է։ Ես նույնիսկ անհարմար եմ զգում, որ այդ կնոջ ազատման հարցը փորձում են այսպես անլուրջ շահարկումների առարկա դարձնել։ Եթե Արարատ Միրզոյանն այդքան մտահոգ է, ապա Մարալի քույրը Բեյրութի օդանավակայանի պայթյունից հետո տեղափոխվել է Հայաստան, ունի լուրջ սոցիալական խնդիրներ, և դեմագոգիաներով զբաղվելու փոխարեն՝ թող փորձեն Մարալի քրոջն օգնել։ Դա շատ ավելի ազնիվ գործ կլինի, քան Լիբանանի կառավարության, տեղի «Կարմիր խաչի» ու «Հայ Դատի» գրասենյակի աշխատանքներն իրենց վերագրել, այսքան բան»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Միաժամանակ պատգամավորը շեշեց, որ ազդեցություն է ունեցել նաև հայ կին խորհրդարանականների նամակը՝ ուղղված Մատվիենկոյին:
«Սակայն ՀՀ իշխանությունների առնչությունը Մարալ Նաջարյանի վերադարձին գրեթե զրոյական է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկնելով, որ հիմնական աշխատանքը կատարվել է Լիբանանի կառավարության և ՌԴ իշխանությունների կողմից, և իրենք՝ որպես անհատներ, կապի մեջ են եղել տարբեր կենտրոնների հետ: