ՍԴ-ի փաշինյանական կազմը հո մահապարտ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացնի բազմակողմ և օբյեկտիվ որոշում…

Բոլորին քաջ հայտնի է Նիկոլ Փաշինյանի խաչակրած արշավանքը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին կազմի նկատմամբ, որն իրականացվել է, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ օբյեկտիվ որոշում կայացնելը բացառելու նպատակով։

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումով գործը ՍԴ-ի վարույթում է գտնվում 2019 թվականի հունիսի 21-ից, որը 2019 թվականի հուլիսի 18-ին կասեցվել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներն ստանալու համար, իսկ կասեցումից հանվել, ու գործի վարույթը վերսկսվել է 2020 թվականի հունիսի 22-ին։

Այդ նույն օրն իսկ Ազգային ժողովի փաշինյանական մեծամասնությունը մի քանի ժամվա ընթացքում ընդունեց հակասահմանադրական փոփոխությունները, որոնց՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ հունիսի 26-ից, կազմաքանդեց գործող ՍԴ-ն և ձեռնամուխ եղավ իր գրպանային նոր ՍԴ-ի կազմավորմանը։

Նորացված կազմով ՍԴ-ն իրենից կախված ամեն ինչ անում է արդարացնելու համար իր անօրինական սերման փաստը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ ՍԴ-ի այդ կազմը, բոլոր ապօրինի միջոցներով ձգձգելով, միայն շուրջ վեց ամիս հետո նշանակեց Ռոբերտ Քոչարյանի հիշյալ գործով նոր զեկուցողներ (քանի որ նախորդ զեկուցողներից երեքի լիազորությունները հակասահմանադրական ճանապարհով դադարեցվել էին), ինչպես նաև նշանակեց դատաքննությունը սկսելու նոր ժամկետ՝ 2021 թվականի մարտի 23-ը։ Այսինքն՝ դատաքննությունը կայանալու է գործի վարույթը վերսկսելուց 9 ամիս հետո։ Դա աննախադեպ է ՍԴ-ի պրակտիկայում, վստահաբար դա աննախադեպ է նաև միջազգային սահմանադրական արդարադատության պրակտիկայում, որտեղ օրենքով սահմանված հստակ ժամկետներից դուրս չեն գործում նման կամայական ժամկետներ։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն օրերս միջնորդել էր ՍԴ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով դրա հասարակական մեծ հնչեղությունը։

Այդ գործն իրավամբ ունի հասարակական մեծ հնչեղություն, որը պայմանավորված է թե Ռոբերտ Քոչարյանի անձով, թե գործի հանգամանքներով և թե հենց այդ գործում Նիկոլ Փաշինյանի դրած «ջանքերի» շնորհիվ։

Սակայն բանավոր դատաքննության անցնելուն կողմ են եղել միայն ՍԴ նախկին կազմի անդամները, իսկ ՍԴ փաշինյանական կազմը Արման Դիլանյանի նախագահությամբ եղել է դեմ, և միջնորդությունը բավարարելու որոշում չի կայացվել։

Ինչպես հիշյալ գործով, այնպես էլ այլ գործերով ՍԴ նորացված կազմը ակնհայտորեն խուսափում է դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։ Ինչո՞ւ, որովհետև ՍԴ անօրինական կազմն ունի վախեր՝ ենթադրաբար թե մասնագիտական թերարժեքության և թե կազմավորման լեգիտիմության առումով։

Բայց չէ՞ որ բանավոր դատաքննությունը լավագույն միջոցն է, որով ապահովվում է ՍԴ հրապարակային գործունեությունը՝ առավել ևս հասարակական մեծ հնչեղության գործերով հանրությանը ի ցույց դնելու գործի բոլոր հանգամանքների բազմակողմ քննությունը և արդյունքում օբյեկտիվ որոշման կայացումը։

Չնայած, ի՜նչ բազմակողմ, ի՜նչ օբյեկտիվ ․․․Ամեն ինչ առավել, քան պարզ է․ ՍԴ-ի փաշինյանական կազմը հո մահապարտ չէ՞ այդ գործով կայացնելու համար բազմակողմ և օբյեկտիվ որոշում․․․ Այդ գործով ևս Փաշինյանը կփոխանցի իր օգնական Աննա Վարդապետյանի խմբագրած որոշումը , իսկ ՍԴ անօրինական կազմը կհրապարակի այն:

Տեսանյութեր

Լրահոս