«Ճաղատ մարդն առաջին հերթին իր մազերի մասին պետք է մտածի. Թուրքիան որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Հայաստանում որևէ ռազմական հեղաշրջման մասին». Աշոտ Մելքոնյան
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ առնվազն զարմանալի ու զավեշտալի են Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ Թուրքիայից եկող արձագանքները, ըստ որոնց, Թուրքիայի իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, իբրև թե դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող ռազմական հեղաշրջումը։
«Այլ լեզվով ասած՝ ճաղատ մարդն առաջին հերթին իր մազերի մասին պետք է մտածի։ Հայաստանում ռազմական հեղաշրջման մասին խոսում է մի երկրի ղեկավար, որը տասնամյակներ շարունակ անընդհատ տեսել է ռազմական հեղաշրջումներ։ Այսինքն՝ այդ երկրի պատմությունը 1299 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ամբողջը ռազմական հեղաշրջումների շղթա էր։ Հետևաբար՝ Թուրքիան որևէ բարոյական իրավունք չունի խոսելու մեր տարածաշրջանում կամ կոնկրետ Հայաստանում որևէ ռազմական հեղաշրջման մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։
Ըստ նրա՝ Թուրքիան իրեն արդեն պատկերացնում է տարածաշրջանում «եղանակ ստեղծող» երկիր, ինչը այդքան էլ այդպես չէ։ Այդ ամենը, պատմաբանի կարծիքով՝ ավելի շատ ցուցադրական քայլ է, քան իրականությանը համապատասխանում են, որովհետև տեղի է ունեցել ուղիղ հակառակը՝ Ռուսաստանը տարածաշրջանում ավելի է ակտիվացրել իր քաղաքականությունը։
«Արտաքին այն պատրանքը, թե ռուս-թուրքական տանդեմ գոյություն ունի, կարծում եմ՝ իրականության հետ աղերսներ չունի, որովհետև Ռուսաստանի և Թուրքիայի շահերը շատ կարևոր հարցերում չեն համընկնում՝ Ղրիմի հարցում, Կովկասում ազդեցություն տարածելու հարցում, նաև՝ Բալկաններում և այլ տարածաշրջաններում, էլ չեմ ասում Սիրիայի մասին, որտեղ տարիներ շարունակ տեսնում ենք ռուս-թուրքական հակամարտություն։ Այնպես որ, Թուրքիայի այդ պահվածքն առաջին հերթին՝ պայմանավորված է Ադրբեջանին սատար կանգնելու, տպավորություն ստեղծելով, որ իր եղբորը սատարում է»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից եկող հայտարարություններին, թե «Թուրքիայի դռները Հայաստանի առջև բաց են», և Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ, Աշոտ Մելքոնյանը նկատեց՝ 1993 թվականի ապրիլի 23-ին, երբ հայկական բանակն ազատագրեց Քարվաճառը, այդ ժամանակ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը։
«Իմ պատկերացմամբ՝ հիմա Թուրքիան կարծում է, որ հարցը վերջնականապես լուծվել է, և հետևաբար՝ խոչընդոտներ չեն տեսնում Հայաստանի ու Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ բացելու առումով։ Այսօր էլ Ադրբեջանն անընդհատ խոսում է այդ չարաբաստիկ «Մեղրիի միջանցքի» մասին, երբ որ իրականության մեջ որևէ միջանցքի մասին խոսք չկա։ Խոսքը միայն վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, այսինքն՝ կոմունիկացիաների վերաբացմանը։ Ըստ իս, Թուրքիայի այդ հայտարարությունը սերտորեն կապված է Ադրբեջան-Թուրքիա նպատակի հետ, որը ենթադրում է Զանգելանի տարածքից, Մեղրիի տարածաշրջանով, Հայաստանի հարավով դեպի Նախիջևան դուրս գալու ելքի մասին, որը, բնականաբար, Թուրքիայի և Ադրբեջանի միջև պետք է ցամաքային ճանապարհ ապահովի։ Այդ երկու երկրներն այնպիսի տպավորություն ունեն, որ այդ «միջանցք» ասվածը տրամադրվում է իրենց, և Հայաստանն այդտեղ որևէ առնչություն չի ունենալու, և իրենք ազատորեն կարող են գնալ ու գալ։ Սա իրականության հետ աղերս չունի այն տեսանկյունից, որ Հայաստանը երբեք թույլ չի տա նման բան, նման բան թույլ չեն տա Իրանն ու Ռուսաստանը»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։