«Քաղաքական ենթատեքստ ունեցող այս կադրային փոփոխությունը շատ մեծ վնաս է հասցնում Զինված ուժերին և պետականությանը». Ռազմական փորձագետ

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ իրավունքի ուժով  Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ պետ չէ՝ նա ազատված է։

Այս հայտարարությանը հետևեց Օնիկ Գասպարյանի ուղերձը, որում նա նշել էր, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և այսուհետև իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նախ նկատեց՝  Օնիկ Գասպարյանը հավանաբար իր արձակուրդը չի օգտագործել, այսինքն՝ օրենքի ու իրավունքի ուժով այստեղ ազատում չի կարող լինել։

«Օնիկ Գասպարյանը նաև վարչական դատարան դիմելու իրավունք ունի, կարծում եմ՝ այդ իրավունքից ինքն օգտվելու է։ Քաղաքական ենթատեքստ ունեցող այս կադրային փոփոխությունը իսկապես շատ մեծ վնաս է հասցնում ՀՀ Զինված ուժերին և առհասարակ պետականությանը։ Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ ամեն դեպքում  քաղաքականությունը մտել է բանակ, և ամեն դեպքում փորձ է կատարվում բանակում ևս պառակտում մտցնել՝ քաղաքական թիմերի բաժանելով։ Այնպես չէ, որ անցնող 30 տարիներ ընթացքում  ԳՇ պետի ու նախագահի հարաբերությունները միշտ հարթ են եղել, սակայն այդ հարաբերություններն այդուհանդերձ հարթվել են կուլիսային պայմաններում՝ համաձայնությունների գալով։ Բայց, երբ արդեն կուլիսային պայմաններում եղած այդ խոսակցությունները դուրս են գալիս հանրության շրջան, սա խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանության կողմից փորձ է կատարվում բանակ ներմուծել պառակտիչ գործունեություն։ Սա խոսում է  նաև այն մասին, որ լուրջ վտանգների առջև ենք կանգնած, անկախ այն հանգամանքից, սա հակադրությո՞ւն է, թե՞ ոչ»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ռազմական դրության պայմաններում Գլխավոր շտաբի պետին փոխելուն, ռազմական փորձագետն ասաց, որ Օնիկ Գասպարյանի բացակայության դեպքում ԳՇ պետի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը, այս դեպքում՝ Տիրան Խաչատրյանը, որին Նիկոլ Փաշինյանը հեռացրել է պաշտոնից։

«Այսինքն՝ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ԳՇ պետի առաջին տեղակալը հեռացվել է պաշտոնից, այդ գործողությունը ևս վիճարկվում է։ Այստեղ մենք գալիս ենք այնպիսի հանգրվանի, որ ՀՀ Զինված ուժերը չի ունենում ԳՇ պետ, որովհետև եթե նա դիմելու է Վարչական դատարան կամ օգտագործելու է, օրինակ, իր արձակուրդը, ապա ստացվում է, որ նրան փոխարինող որևէ մեկը չկա։ Այսինքն՝ երկրի իշխանությունը ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, երբ բանակը մնում է գլխատված, ամբողջ խնդիրը սա է»,- հավելեց փորձագետը։

Նա նաև շեշտեց, որ բարոյական առումով ռազմական դրության ժամանակ ԳՇ պետին փոխել ինչ-որ հայտարությունների համար և չփոխել, օրինակ, պարտություն կրելու համար, խոսում է այն մասին, որ բանակին մատների արանքով է նայում իշխանությունը։ Ավելին՝ ռազմական փորձագետն այստեղ տեսնում է  Կառավարության մտադրությունը՝ որ պետք է բանակը գլխատվի, և Ալիևի այն հոխորտանքները, որ Հայաստանին բանակ պետք չէ, Հայաստանի իշխանության ձեռամբ իրականություն է դառնում։

Հարցին՝ առաջիկայում հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին մեղադրանք ներկայացնի՝ ռազմական հեղաշրջում կատարելու համար, և նրան կանգնեցնի դատարանի առջև, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Ոչ միայն այդ սցենարն է հնարավոր, այլև այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձ կկատարի պարտության մեղքերը ու սլաքներն ուղղել Օնիկ Գասպարյանի վրա և առհասարակ այն գեներալների կողմ, որոնք ստորագրել էին ԳՇ հայտարարությունը։ Ծիծաղելի է այն թեզը, թե ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, որովհետև ընդամենը պահանջվել է Փաշինյանի հրաժարականը, բայց դրան չի հետևել որևէ քայլ՝ ռազմական հեղաշրջման մասով։ Առհասարակ ռազմական հեղաշրջման փորձի մասին խոսում են միայն Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Էրդողանը»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը  հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր Կառավարության հրաժարականը։

 

Տեսանյութեր

Լրահոս