«Կարող է անգամ տեսություն լինել, որ Հայաստանի խնդրանքով Ադրբեջանը սահմանին ինչ-որ գործողություններ անի». Տիգրան Քոչարյան

«Ռուսաստանը խառնեց Թուրքիայի, Անգլիայի, Իսրայելի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ այս երկրները և Նիկոլ Փաշինյանը մեկ նպատակ ունեին:

«Նպատակը պարտվերն էր, Արցախն արագ ու ամբողջովին հանձնելն էր Ադրբեջանին, մեղադրել այդ հարցում Ռուսաստանին, որ օգնության չհասավ, ռուսական բազան այստեղից հանել: Քանի որ ՆԱՏՕ մտնելու համար դու պետք է տարածքային խնդիրներ չունենաս քո հարևանների հետ, այսօր տարածքային խնդիր չէր ունենա, Արցախի հարցը փաստացի լուծված կլիներ, և Հայաստանն արդեն կձգտեր դեպի ՆԱՏՕ, իսկ քանի որ ՆԱՏՕ-ի օպերատորը տարածաշրջանում Թուրքիան է, Հայաստանը գտնվում էր թուրքական ազդեցության տակ»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ վտանգը մեծ էր, որ պատերազմի արդյունքում կհանձնվի նաև Ստեփանակերտը, սակայն դա տեղի չունեցավ ռուսական կողմի օգնությամբ:

«Նոյեմբերի 9-10-ին եթե Ռուսաստանի խաղաղապահները չհայտնվեին Ստեփանակերտում, Ստեփանակերտն էլ էր հանձնվելու, քանի որ ամբողջ բնակչությունը 3 օր շուտ էվակուացվել էր, այսինքն՝ ինքնապաշտպանություն այնտեղ չէր կարող լինել, և ադրբեջանցիների մուտքն ավելի հեշտացավ Ստեփանակերտ, քանի որ մի բան է, որ կա խաղաղ բնակչություն, մեկ այլ բան է, որ չկա: Այդպիսով փորձեցին կտրել հնարավոր խաղաղասիրական օպերացիան Ռուսաստանից, որը, ենթադրենք, պետք է գար և պաշտպաներ Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, եթե բնակիչ չկա, առիթ էլ չկա այնտեղ մտնելու»,- ասաց Քոչարյանը և ավելացրեց, որ, եթե Ստեփանակերտն էլ հանձնվեր, ամբողջ Արցախը կանցներ Ադրբեջանի վերահսկողության տակ:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Տավուշի սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին և բարձրացված աղմուկին,  Տիգրան Քոչարյանն ասաց.

«Կարող է անգամ այնպիսի տեսություն լինել, որ Հայաստանի խնդրանքով Ադրբեջանը սահմանին ինչ-որ գործողություններ անի, որ Օնիկ Գասպարյանի հարցը մոռանան, ասեն՝ տեսեք, էս ընդդիմությունը հրահրեց, որովհետև համար 1 բարեկամը Ադրբեջանի համար հիմա Նիկոլ Փաշինյանն է»:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս