Կոչ եմ անում զինվորականներին՝ համախմբվել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ, և ավարտենք Հայաստանի կործանումը կանխելու գործընթացը. Գևորգ Պետրոսյան

Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ենթադրում է, որ բանակն այսօր պետք է քայլ անի, քանի որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ասում է, որ բանակն է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, հիմա սրանք խախտված են:

«Մեզ միշտ ասում են՝ դուք ի՞նչ եք անում: Ինչ պետք է՝ արդեն արել ենք: Այսօր մնացել է բանակի քայլը, ու ավարտում ենք այս խաղը: Խնդրում, հորդորում եմ մեր զինվորականներին՝ հարգել զինվորականի պատիվը, զոհված ընկերների հիշատակը, հարգել մեր ազգային անվտանգության շահը, Հայաստանի գոյապահպանման շահը ու դուրս գալ, ավարտել այս խաղը, մենք էլ գանք, ձեր կողքը կանգնենք:

Վստահաբար կարող եմ ասել, որ, եթե բանակը միահամուռ գա, ոստիկանությունը չի բախվելու, որովհետև ոստիկաններն էլ են զզվել: Պետավտոտեսուչներն օր ու արև չունեն: Բերել, գցել է փողոցները, երևի իրենց տնեցիների դեմքերն էլ են մոռացել: Խնդրում եմ զինվորականներին՝ վերջին քայլն է մնում, միավորվենք ու այսօր ավարտենք ամեն ինչ: Կոչ եմ անում զինվորականներին՝ համախմբվել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ և ավարտենք Հայաստանի կործանումը կանխելու գործընթացը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ 2 տարի 8 ամսում շատ ապօրինություններ են եղել:

«Ամբողջ քրեական օրենսգիրքը շալակել է վզին, դրա համար հասկանում է՝ որ պահին հրաժարական տվեց, մի ժամ հետո իր դուռը ծեծելու են: Իրեն Հայաստանը, Արցախը չեն հետաքրքրում, եթե հետաքրքրեր Արցախի խնդիրը՝  այսօր հայտարարությամբ հանդես կգար: Եթե Սյունիքը հետաքրքրեր՝ հայտարարությամբ հանդես կգար: Նա պետք է այսօր սահմանում լիներ: Հրամանատար ես  կոչվում, այ տղա, ռազմական դրությունը չի վերացել, դու ի՞նչ գործ ունես Երևանում»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս