Կառավարությունը որոշել է՝ Երևանը գլխավոր ճարտարապետ չի ունենա

Կառավարությունը որոշել է, որ այլևս Երևան քաղաքին գլխավոր ճարտարապետ պետք չէ և գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն՝ կավելացնեն Երևանի քաղաքապետի տեղակալի  հաստիքների թիվը՝ գործող 4-ի փոխարեն՝ դարձնելով 5։

Կառավարությունն այդ նպատակով փոփոխություն է կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում ու կատարած փոփոխությունը հիմնավորել նրանով, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքում մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Երևանի գլխավոր ճարտարապետ չունենալու անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է նաև նրանով, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, համապատասխան կանոնադրության պահանջներից ելնելով, չի կարողանում ընդունել սուբյեկտիվ որոշումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատանքն իրականացնի Երևանի քաղաքապետի  տեղակալը, իսկ տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և
փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Այսինքն՝ Կառավարությունն ընդունել է որոշում, որով նշված ոլորտում բոլոր ստորաբաժանումների համակարգումն իրականացվելու է մեկ անձի կողմից, ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներն էլ կայացնելու է Երևանի  նոր փոխքաղաքապետը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս