«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խաղաղության մասին չէ, այլ՝ հրադադարի դադարեցման. կան չհստակեցված հարցեր». Ալեքսանդր Իսկանդարյան
Լայնամասշտաբ պատերազմներից հետո սովորաբար ինչ-որ պայմանագիր է կնքվում՝ Վիեննայի կոնգրես, Վերսալյան պայմանագիր և այլն, Արցախի դեպքում պատերազմ եղավ, սակայն նման համաձայնագիր չեղավ. նոյեմբերի 9-ին հաստատվածը դա խաղաղության մասին չէ, այլ՝ հրադադարի դադարեցման:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Խաղաղության մասին համաձայնագիր չի եղել, թե ինչ կարգավիճակ է լինելու, անվտանգության ինչ երաշխիքներ, դեռ հստակեցված չէ, և թե ինչպես է այս ամենն աշխատելու: Այսինքն, ֆիզիկական և աշխարհագրական ասպեկտներով որտեղով են անցնելու սահմանները, ամեն մի մետրի վրա որտեղ պիտի տեղակայվի սահմանապահ կետը, որտեղ ոչ սահմանապահը, խաղաղապահները որտեղ պիտի կանգնեն: Կամ ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացը պիտի լինի՞, համանախագահներն աշխատելո՞ւ են, թե՞ ոչ, նաև՝ ինչպես պիտի աշխատի կոմունիկացիոն բաղադրիչը, ինչ կարգավիճակ պիտի ունենա Արցախը և այլն»,- շարունակեց նա՝ հավելելով, որ այս հստակեցումների համար մոտավորապես մեկ տարի կպահանջվի, և սահմանների նորմալ դելիմիտացիան շատ բարդ գործընթաց է, և այն էլ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների պարագայում:
Ըստ Իսկանդարյանի, իրավիճակն ավելի լավ, բնականաբար, չի լինելու, քան նախկինում, որովհետև այլ է, երբ «հայկական պետությունները սահման ունեն Ջաբրայիլում, և այլ, երբ սահմանը Կապանում է»:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ ունենք թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, թույլ զարգացած քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև բավականին ուժեղ տուրբուլենտություն կա և ապատիա հասարակության շրջանում, հոգնածություն, հեղափոխություն անելու ցանկության բացակայություն:
«Ասենք՝ վաղն իշխանության եկան սրանք, կամ ուրիշները, ի՞նչ է փոխվելու: Մեզ տալու են ամբողջ Արցա՞խը, փոխվելու է համաձայնագիրը և բոլորը գնան հե՞տ, միանգամից ներդրումները գալու են Հայաստա՞ն, միանգամից ՀՀ-ի իմիջը բարձրանալո՞ւ է՝ իհարկե ոչ: Ոչ մի նման բան տեղի չի ունենալու, աշխատել է պետք և տրամադրվել նրան, որ ոչ թե կտրուկ փոփոխություն է լինելու, այլ մեթոդիկ դժվարին աշխատանք՝ երևի թե տասնամյակ պահանջող»,- շեշտեց քաղաքագետը՝ անելով մի շարք հարցադրումներ՝ ենթադրենք՝ Փաշինյանին հաջողվում է զինված ուժերի ամբողջ ղեկավարությանն ազատել, մի՞թե դրանից բանակն ավելի ուժեղ կդառնա, կամ, եթե մնա զինված ուժերի գործող ղեկավարությունը, մի՞թե այս դեպքում բանակն ավելի ուժեղ կդառնա:
«Կամ, եթե ընդդիմությունը հասնի իր ուզածին, և արտահերթ ընտրություններ լինեն, միանգամից մեզ մոտ կայունություն կտիրի՞, իհարկե՝ ոչ: Կամ՝ հակառակը՝ Փաշինյանին հաջողվի նորից մնալ աթոռին, թույլ լեգիտիմություն կա երկու դեպքում էլ»,- նշեց Իսկանդարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում