Բեքարյանի գործով դատավորը հավաստիացրեց, որ դատարանի նախագահից զանգ չի ստացել. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի՝ ԱԱԾ-ի իրականացրած ձերբակալությունը, միևնույն ժամանակ՝  մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ Բեքարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Որոշման հրապարակումից հետո Կարեն Բեքարյանի շահերի պաշտպան, փաստաբան Գոռ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հատնեց, որ Կարեն Բեքարյանին առնչվող մեղադրանքի հիմքում դրված է եղել IP հասցեի համընկնումը, որը, ըստ փաստաբանի, կարող է լինել բոլոր այն անձանց հետ, որոնք օգտվում են VPN ծրագրից:

«Կալանավորման միջնորդության մեջ քննիչը վկայակոչել էր 3 հիմք՝ քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը և նոր հանցանք կատարելը… Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հետևաբար՝ կարծում եմ, որ անդրադարձած չի լինի կալանավորման հիմքերին»,- ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանում  իր առարկությունը ներկայացնելու ընթացքում   չի շեշտադրել  կալանավորման հիմքերը՝ վստահություն ունենալով, որ օբյեկտիվ դատարանում գործին Կարեն Բեքարյանի առնչությունը չի կարող հաստատված համարել:

Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանը, ի թիվս այլ անձանց, մեղադրվում է ռազմական դրության օրերին ֆեյսբուքյան «Gagik Soghomonyan» կեղծ օգտատիրոջ անվան տակ գրառումներ կատարելու, թշնամանք տարածելու կոչեր հնչեցնելու համար, ի թիվս որոնց՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է վարչապետին ու մյուս բարձրաստիճան անձանց ուղղված մեղադրանքներ հնչեցնելը:

Փաստաբանը նաև հայտնեց, որ դատական նիստի ընթացքում քննիչն անդրադարձել է  այն փաստին, որ անգամ ԱԱԾ-ի կողմից մի քանի քաղաքացու ձերբակալելուց հետո «Gagik Soghomonyan» կեղծ էջում հայտնվել են այլ գրառումներ, հայտնել, թե գործում է կազմակերպված խումբ, մի մասը կալանավորված են, մյուս մասը կալանավորվածների ցուցումներով հրապարակումներ են կատարում:

Փետրվարի 20-ին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե սրճարանում ականատես է եղել Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հեռախոսային խոսակցությանը, թե ինչպես էր դատարանի նախագահը գոռալով ասել՝ «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն, և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն», նշել, որ ենթադրում է, թե դա կապ ունի «ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստեցնելուն»:

Փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ այդ հարցը ևս դատարանում բարձրաձայնել է:

«Անկեղծ ասած, ես դատավոր Գրիգորյանին ճանաչում եմ վաղուց: Ես հակված եմ մտածել, որ օբյեկտիվ դատավոր է, դրա համար ես ոչ թե բացարկ հայտնեցի այդ հիմքով, այլ ընդամենը փորձեցի հավաստիանալ՝ արդյո՞ք չի եղել նրան հեռախոսազանգ: Դատավորն ամեն ձևով ինձ հավաստիացրեց, համենայն դեպս, ես համոզվեցի, որ իրեն զանգ չի եղել, ու դրա արդյունքը տեսնում ենք: Ընդ որում՝ այս տիպի օբյեկտիվ որոշման դեպքում ես կարող եմ ասել, որ զանգ չէր եղել»,- ասաց Գոռ Միքայելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս