Այս պրոցեսում 2 հարց կա՝ որ ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, որ օգտագործել եմ VPN համակարգ. Կարեն Բեքարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, որը փետրվարի 19-ից ձերբակալված էր:

«Իրականում քննությունն ընդհանրապես, այս նախաքննության պրոցեսը, հարուցված գործը ինքն իր մեջ ունի 0 տրամաբանություն, 0 տրամաբանություն՝ մեղմ ասած: Երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, դու տեսնում ես, որ չկա տրամաբանություն, դու շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիոն լրիվ ուրիշ տեղ է: Իմ համար դա շատ հստակ է: Այդտեղ ինձ որևէ լրացուցիչ համոզվելու ոչինչ պետք չէր՝ ընդամենը գործի նյութերին ծանոթանալուց հետո»,- ասաց Կարեն Բեքարյանը:

ԱԱԾ-ն, ի թիվս այլ անձանց, Կարեն Բեքարյանին մեղադրում է ռազմական դրության օրերին ֆեյսբուքյան «Gagik Soghomonyan» կեղծ օգտատիրոջ անվան տակ գրառումներ կատարելու, թշնամանք տարածելու կոչեր հնչեցնելու համար, ի թիվս որոնց՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է վարչապետին ու մյուս բարձրաստիճան անձանց ուղղված մեղադրանքներ հնչեցնելը:

Կարեն Բեքարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այն փաստը, որ Բեքարյանն օգտվել է VPN համակարգից: Այս փաստին անդրադառնալով՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ օգտվում է այդ համակարգից ադրբեջանական կայքերում շրջանառվող տեղեկություններին ծանոթանալու և դրանք իր վերլուծություններում ներառելու համար:

«Տարիների ընթացքում, դա մեկ ամսվա խնդիր չի, մեկ օրվա խնդիր չի, Ադրբեջանի Հանրապետությունը հայաստանյան IP-ների նկատմամբ կիրառել է սահմանափակման քաղաքականություն, այսինքն՝ եղել է ժամանակահատված, որ ցանկացած ադրբեջանական ինտերնետ ռեսուրս մտնելու պարագայում մեր IP-ները փակված են եղել, չեն կարողացել մուտք գործել: Եղել են ժամանակահատվածներ, որ որոշակի ընտրանքով, այսինքն, օրինակ, պետական մարմինների ինտերնետ ռեսուրսներ հայաստանյան IP-ներից հնարավոր չէր մուտք գործել…

Հետևաբար, եթե դու ուզում ես գործընթացները հասկանաս, պատկերացնես, իսկ ես, ոչ մեկիդ համար գաղտնիք չի, որ տասնյակ տարիներով զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, դու չես կարող ուղղակիորեն այդ ինֆորմացիան չունենալ, դրան չտիրապետել և քո վերլուծությունների մեջ դա չներառել: Ուղղակի չես կարող:

Հիմա, քանի անգամ կարող ես կապվել, զանգել, ենթադրենք, քո որևէ ընկերոջ, հարազատի, բարեկամի՝ արտերկրում բնակվող, խնդրել նրան՝ ուր մտնի, ինչ անի և այլն: Հետևաբար, երբ որ, օրինակ, ես անձամբ իմացա, որ կա համակարգ, որը տալիս է հնարավորություն այդ արգելքը շրջանցելու, այսինքն՝ ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար, այդ համակարգից օգտվել եմ: Այսինքն՝ ես այդտեղ որևէ արհեստական բան չեմ տեսնում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով համընկնմանը, համաձայն որի՝  ԱԱԾ-ի կողմից փնտրվող կեղծ օգտատերն ու Կարեն Բեքարյանն օգտվել են նույն IP սերվերից, որը գտնվում է Մոլդովայում, Բեքարյանը նշեց, որ մինչև այդ հարցին անդրադառնալն ԱԱԾ աշխատակիցները կամ նախաքննության ցանկացած մարմին պետք է առաջնահերթ պատկերացում կազմի ծրագրային համակարգերի, դրանց աշխատանքի սկզբունքների, մեթոդների մասին, խորհրդակցի համապատասխան մասնակիցների հետ, ու, օրինակ, պարզի, որ «VPN համակարգի պարագայում IP-ն ոչ թե կայուն է, այլ՝ լողացող»:

«Պարզագույն գիտելիքները ունենալու դեպքում այս հարցերը չէր առաջանա, որովհետև այս ամբողջ պրոցեսի մեջ 2 հարց կա՝ այն, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, և այն, որ ես օգտագործել եմ VPN համակարգ»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ սա դիտարկում է՝ որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս