Աստծուց ներում խնդրելիս միշտ վստահ ենք, որ այն կտրվի մեզ
Տերունական աղոթքի հինգերորդ խնդրանքը հնչում է այսպես: Այս խնդրանքն Ավետարանում մեզ բացատրվում է աղոթքի ուսուցումից անմիջապես հետո՝ Քրիստոսի կողմից. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 16:14-15):
Տերունական աղոթքում ներման գաղափարը ունի հստակ շեշտադրումներ: Մենք ոչ միայն գիտակցում ենք մեր մեղավորությունն ու Աստծո անսահման սերն ու ներողամտությունը, այլ շեշտադրում ենք մեր ներողամտությունը միմյանց նկատմամբ՝ որպես քրիստոնյաներ:
Ներման և թողության խնդրանքը հաջորդում է հացի խնդրանքին: Չէ՞ որ Տերունական աղոթքում մենք խնդրում ենք մեզ համար առաջնային, ամենակարևոր երևույթների մասին, և որքան որ մարդուն անհրաժեշտ է հացը, նույնքան էլ ներումն ու թողությունը:
Հացն ապահովում է մեր ֆիզիկական գոյությունը, իսկ թողությունը՝ հոգևոր: Մեր կյանքում շատ հաճախ ենք զգում հացի անհրաժեշտությունը: Ֆիզիկական սով զգալու պարագայում շատերը պատրաստ են անգամ մեղքեր գործել՝ իրենց պահանջները բավարարելու համար: Սակայն հաճախ մեղքերի թողության, ներման անհրաժեշտությունը չենք զգում: Մինչդեռ կա անհրաժեշտություն ամեն օր թողություն խնդրելու, ինչպես սնունդ ենք ընդունում:
Աստված մեզ ցույց է տալիս իր կատարյալ օրինակը ողորմածության հարցում: Մեղքերի մեջ ապրող, անկատար մարդկությանը Նա առաջինը մեկնեց իր օգնության ձեռքը: Այլ կերպ, ինչպես Սուրբ Աթանասն է նկարագրել. «Աստված մարդացավ, որպեսզի մարդ աստվածանա»: Եվ մեր առօրյա կյանքում, երբ բախվում ենք այլոց ներել-չներելու խնդրին՝ կարծելով, թե չցածրանանք նրան հավասարվելով և ներելով, համոզված լինենք, որ ներելն, այնուամենայնիվ, ճիշտ է և քրիստոնեավայել: Միայն այդ դեպքում է, որ ինքներս էլ կարժանանանք Աստծո ներմանը մեր մեղքերի համար: Եվ, ի վերջո, պարտավոր ենք ներել մեր մերձավորներին, քանի որ անգամ կատարյալ Աստված հավասարվեց մարդուն՝ նրան բարձրացնելու համար:
Աստծուց ներում խնդրելիս միշտ վստահ ենք, որ այն կտրվի մեզ: Մենք էլ փորձենք մեր նկատմամբ չարիք գործածներին ներել, ինչպես մեր Տերն է մեզ ներում, որպեսզի ավելի մոտենանք Նրան և արդար լինի մեր խնդրանքը, թե. «Թող մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց» (Մատթ. 6:12):
qahana.am