Փլուզման ճանապարհին

Անցած տարվա ծանր փորձություններից հետո՝ Հայաստանի տնտեսության մի շարք հատվածներ կանգնել են լրջագույն խնդիրների առաջ և հայտնվել փլուզման եզրին։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ կառավարությանը հաջողվել է ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը, դրանից տնտեսության իրական վիճակը չի փոխվում։

Կյանքը ցույց տվեց, որ դատարկ խոստումներով տնտեսություն չեն զարգացնում. այն, ինչ իշխանության գալուց հետո անում է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած մարդը, ով կիլոմետրերով հեռու է տնտեսությունից, մտածում էր, որ կհայտարարի, թե Հայաստանում սկսվել է տնտեսական հեղափոխություն, ու թռիչքային աճն ապահովված է, կհայտարարի, որ կոռուպցիա ու մենաշնորհներ չկան, ու ներդրողները կլցվեն Հայաստան, կհայտարարի, թե երկիրը կանգնած է բումերի շեմին, ու զարգացումներ կլինեն։

Այդպիսի ինքնագոհ հայտարարություններով տնտեսության զարգացնելու ամբիցիաները բերեցին նրան, որ այսօր տնտեսությունը կանգնած է համակարգային խնդիրների առաջ։ Այդ պատճառով է նաև, որ ճգնաժամի հետևանքները մեր տնտեսության վրա շատ ավելի մեծ են, քան բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Հայաստանի տնտեսության անկման տեմպը գրեթե կրկնակի ավելի է ԵԱՏՄ միջինից։ ԵԱՏՄ-ում տնտեսական անկումը գնահատվում է 3,9 տոկոսի չափով, այնինչ՝ Հայաստանում սպասվում է 8 տոկոսին մոտ անկում։

Թե ինչու մեր տնտեսությունը չդիմացավ առաջին իսկ փորձությանը և այդպիսի մեծ տեմպերով հետ գնաց, քան գնացին բազմաթիվ այլ, այդ թվում՝ ԵԱՏՄ մյուս երկրները, պետք է փնտրել կառավարության գործողություններում։

Փոխարենը մտածելու տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու մասին՝ ընկել էին իրենց պոպուլիզմի, սրան-նրան բռնել-պատժելու, ունեցվածքը բռնագանձելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու հետևից։ Արդյունքը եղավ այն, որ տնտեսությունը հայտնվեց խորը ճգնաժամի ու անկման մեջ։ Ու դրա պատճառը պատերազմը չէ։

Հիշեցնենք, որ կառավարությունն անցած տարվա տնտեսական անկման մեջ պատերազմի ազդեցությունը գնահատել է նույնիսկ 1 տոկոսից ցածր։ Իսկ ավելի կոնկրետ՝ ընդամենը 0,7 տոկոս։

Սա է պատերազմի հետևանքը Հայաստանի տնտեսության վրա։ Ճիշտ թե սխալ, այդպիսին է կառավարության գնահատականը։ Ու դա նշանակում է, որ, եթե նույնիսկ պատերազմը չլիներ, միևնույն է, Հայաստանի տնտեսական անկումը դրանից շատ չէր փոխվի։ Մեծ տարբերություն չկա՝ անկումը կլիներ 8, թե 7 տոկոս։ Խնդիրը ոչ այնքան անկման տեմպի, որքան տնտեսության վիճակի մեջ է։

Տնտեսական ճգնաժամի հետևանքով առանձին ոլորտներ ուղղակի հայտնվել են կոլապսի շեմին։ Դրանցից մեկն էլ շինարարությունն է, որտեղ ոչ վաղ անցյալում կառավարությունը թռիչքային զարգացումներ էր խոստանում։

Թռիչքային զարգացումներ, իհարկե, չեղան։ Բայց որ շատ ավելի վատ է, շինարարության ոլորտը կրկին հայտնվել է փակուղու առաջ, որտեղից մեծ դժվարությամբ կարողացավ դուրս գալ։ Այն էլ ոչ թե՝ այս, այլ՝ նախորդ իշխանությունների ջանքերով։

Հասարակության եկամուտների անկումը, անշարժ գույքի նկատմամբ ներկայացվող պահանջարկի կրճատումը և գների նվազումը կրկին սպառնում է շինարարությանը։ Ծանր փորձության առաջ են հատկապես կառուցապատողները։

Մի կողմից՝ նվազել են անշարժ գույքի գները, մյուս կողմից՝ համատարած թանկացումների հետևանքով՝ թանկացել է շինարարության իրականացումը։ Դրամի արժեզրկումն իր հետևանքն է ունեցել ոչ միայն պարենային ապրանքների, այլև շինարարական նյութերի վրա։

Տարբեր գնահատումներով, շինանյութը Հայաստանում թանկացել է ընդհուպ մինչև 15-20 տոկոսով։ Ու դա բերել է իրականացվող շինարարության գների բարձրացման։

Բնակարաններն էժան վաճառելու դեպքում կառուցապատողները կրելու են ֆինանսական կորուստներ։ Իսկ թանկ չեն կարող վաճառել, որովհետև շուկան էժանանում է։ Տնտեսական ճգնաժամի, ձևավորված սպասումների ու մարդկանց եկամուտների անկման հետևանքով նվազել է ներքին պահանջարկը։

Նվազել է նաև դրսից ներկայացվող պահանջարկը, որը վերջին 2 տարիներին դարձել էր գների ակտիվ բարձրացման և կառուցապատման նկատմամբ գործարար հետաքրքրությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկը։

Հիմա շուկան կանգնած է այն նույն խնդիրների առաջ, ինչի առաջ կանգնած էր 10-15 տարի առաջ։

Այս իրավիճակը ոչ մի կերպ չի բխում կառուցապատողների շահերից։ Նրանք բախվել են իրացման դժվարությունների հետ։ Եթե նախկինում շինարարության թանկացումը փոխհատուցվում էր գների բարձրացմամբ, ապա հիմա հակառակն է տեղի ունենում. շինարարությունը թանկանում է, իսկ բնակարանների գները ոչ միայն՝ չեն բարձրանում, այլև՝ երկրորդային շուկայում իջնում են։ Դա նշանակում է, որ կառուցապատողները չեն կարողանալու վաճառել իրենց կառուցած բնակարանները, կամ ստիպված են լինելու վաճառել ավելի ցածր գներով՝ կրելով ֆինանսական կորուստներ։

Այս իրավիճակը մի փոքր երկար պահպանվելու դեպքում, անհնարին կլինի խուսափել փլուզումից։ Այնպես, ինչպես եղավ 2008-2009թթ., երբ գների նվազման հետևանքով բազմաթիվ ընկերություններ սնանկացան ու չկարողացան կատարել իրենց պարտավորությունները գնորդների նկատմամբ։

Արդեն կան նաև նման դեպքեր։ Առանձին կառուցապատողներ հասցրել են բախվել գնորդների նկատմամբ իրենց պարտավորությունները ժամանակին կատարելու դժվարությունների հետ։

Այդ երևույթն առաջիկայում կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նաև բանկային համակարգը։ Հայտնի է, որ շատ հաճախ կառուցապատողներն օգտվում են բանկային վարկերից և դրանք սպասարկելու խնդիր ունեն։

Կառուցապատման ոլորտում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար, թե ի՞նչ է մտածում կառավարությունը, առայժմ արձագանքներ չկան։ Ընդհակառակը՝ վերջինս իր քայլերով խորացնում է ճգնաժամը։

Այդ քայլերից մեկն էլ ցեմենտի ներմուծման արգելանքն էր, ինչը մեծացնում է գների բարձրացման ճնշումը շինարարության իրականացման վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս