Արա Սաղաթելյանը ևս զրկված է ազատությունից․ առանց դատարանի թույլտվության տարածքներ են խուզարկվել․ Ռուբեն Մելիքյան

Հենց նոր ստացա տեղեկություն այն մասին, որ ազատությունից զրկված է Արա Սաղաթելյանը, բացի այդ տարածքներ են խուզարկվել՝ առանց դատարանի թույլտվության։

Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ չի բացառում՝ այլ անձինք ևս զրկված լինեն ազատությունից։

Խոսելով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելու մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետության առաջ ծառացած խնդիրները թողած ֆեյք է ման գալիս։

«Իրենց անմիջական պատասխանատվության ներքո պատերազմի կազմակերպում չիրականացրեցին, չիրականացրեցին նորմալ գործընթացներ դիվանագիտական դաշտում, մենք դրա հետևանքով կորցրեցինք մեր հայրենիի 1/4-ը, սա նրանց ուսադիրները զրոյին հավասարեցնող գործունեություն է, ուստի ես անձամբ այստեղ եմ, որպեսզի այլ մարդկանց հետ ցույց տանք կտրուկ մերժում այս վարքագծի և մեր բողոքի ձայնը բարձրացնենք այս խայտառակ քաղաքական հետապնդումների նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը սակայն նկատեց, որ մոտ է ժամանակը, որ փոխվի այս ազգադավ իշխանությունը և հարց է առաջանում, թե ինչպես են այդ ժամանակ ԱԱԾ աշխատակիցները հայելու մեջ նայելու։

«Կարեն Բերքայանն աշխատում էր, որ ոչ թե արծրունական բովանդակություն տար, այլ գրագետ։ Այդ մարդուն հիմա դիմակավորված զենքով բերման են ենթարկում այն մարդիկ, որոնք փախել են պատերազմի դաշտից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս