Թուրք պաշտոնյա. «Ղարաբաղը» կլինի Թուրքիայի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շարքում»
Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, ելույթի ընթացքում օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում։
Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը և նշել, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ ուժի մեջ մտած առևտրի ազատականացման համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30 տոկոսանոց աճ է գրանցել։
Թուրք պաշտոնյան շնորհավորել է Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարել, որ այս նոր ժամանակաշրջանում Ղարաբաղն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ։ Աքաթը շեշտել է, որ Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն։