«Ինձ խաբված եմ զգում», «Եթե իրենց ասեին, որ ինչ-որ մեկից փողը խլելու են, իրանց բաժանեն, բոլորը դուրս կգային փողոց». հարցում Երևանում
2020թ․ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո իշխանությունների հրաժարականի պահանջը սկսեց առավել մեծ թափով շրջանառվել: Ու չնայած դրան, գործող իշխանությունը պնդում է, թե ունի հասարակության վստահության քվեն, ու երկրում չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն:
Ներկա իշխանությունների գործունեության լավագույն գնահատականը հավանաբար կարող են տալ քաղաքացիները, որոնք իրենց ամենօրյա կյանքում առնչվում են իշխանության՝ մոտ 3 տարի առաջ տված, կատարված ու չկատարված խոստումներին: 168.am-ը շրջեց Երևանում, քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են գնահատում գործող իշխանության գործունեությունը, տեսնո՞ւմ են արդյոք իշխանափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն և ինչպիսի՞ ղեկավար են պատկերացնում Հայաստանում:
Մեր նկարահանող խմբի հարցերին պատասխանեցին հարցված քաղաքացիների մոտ 20%-ը: Հարցմանը պատասխանած քաղաքացիների մեծ մասն անհրաժեշտ էր համարում իշխանափոխությունը, նրանց մի մասի կարծիքով էլ՝ Հայաստանում ղեկավար պետք է լինի մինչ այսօր քաղաքական դաշտում չգործող քաղաքական գործիչ:
«Միայն մի բան ասեմ: Երբ որ մարդ խաբված ա զգում, ոչ մի կարծիք չի կարող ունենալ, ըստ իս… Ես ինձ խաբված եմ զգում… Գիտե՞ք ինչ, շատ մանր հարցերում էլ փոփոխություն չի եղել, որոնց մենք հիմա առնչվում ենք: Կոնկրետ ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է իշխանափոխության անհրաժեշտություն, նա արձագանքեց.
«Կարծիք չունեմ, որովհետև փոխարենը չգիտեմ՝ ով պիտի լինի: Մեզ պետք է, որ էդ ղեկավարը լինի ազնիվ, անաչառ, փոխի դատական համակարգը, ի վերջո, փոխի էդ դատական համակարգը և ըստ դրանց՝ շարժվի առաջ»:
«Իշխանափոխության անհրաժեշտություն չկա: Ես գործող իշխանությանը չեմ հավատում, բայց էսօրվա դրությամբ փոխել հնարավոր չի: Ես տենց եմ կարծում, որովհետև բոլորն էսօր որպես թշնամի են Հայաստանին համարում: Իսկ Հայաստանը թշնամի չի ոչ մեկի համար: Որ փոխեն, ուրեմն գալիս են հները, գալիս են Սերժ, Քոչարյան և այլն։ Դրա համար էլ ես համաձայն չեմ…»,- ասաց հարցմանը պատասխանած մեկ այլ քաղաքացի՝ նշելով, որ վերջին 3 տարիներին իր կյանքում ո՛չ լավ, ո՛չ վատ փոփոխություն չի եղել:
Հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության գործունեությունը պատերազմի ընթացքում, նա արձագանքեց.
«Պատերազմի մեջ ինքն ի՞նչ պիտի աներ մենակ: Ինքը ոչ մի բան էլ չգիտի էդ գործով, որովհետև մարդ ո՛չ բանակ ա ծառայել, ո՛չ կռիվ ա տեսել: Միանգամից բերինք, դրինք, Նազարի պես բախտը որոշվեց: Չկար մարդ: Էսօր, որ իրան փոխարինող մարդ ըլնի, կհանեն: Քոչարյանին ու Սերժին վախում են դնեն: Դնեն, էլի երկիրը կքանդեն… Փաշինյանը, ճիշտ ա, մեղավոր ա, որովհետև ինքը չէր աշխատել, չէր տեսել, միանգամից չտեսավ, տեսավ ճակտից կախ: Դե, ինքը խելոք տղա ա, բայց շրջապատ չունի ինքը էսօրվա դրությամբ»:
«Գնահատում եմ միայն առաջին հիմնադիր նախագահի գործունեությունը ի սկզբանե և հավերժ: Միակ խելքը գլխին ու հայամետ, պետականամետ, ազնիվ քաղաքական գործիչը, որ երբևէ իր ասած ոչ մի նախադասություն, ոչ մի տառ չի հակասել 30 տարվա ընթացքում, ինչը որ չէի ասի գործող իշխանության ղեկավարի մասին, որին, ցավոք սրտի, հավատացինք, հեղափոխությունը տեղի ունեցավ, մեծ հույսեր ունեինք, որ, չնայած նրան, որ մենք խնդիր չունենք ընդհանրապես՝ անձնական տեսակետից եթե նայենք, բայց հեղափոխությունը հասունացել էր ու եղավ: Բայց, ցավոք սրտի, եղավ էն, ինչ-որ եղավ: Եթե ժամանակին նույնիսկ դրական եմ համարել, հեղափոխության ընթացքին ոգևորվել եմ և այլն, ինչպես ամեն մարդ…»,- ասաց հարցմանը պատասխանած քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ երկրում կա սահմանադրական կարգով արտահերթ ընտրությունների կարիք, որի արդյունքում կուզեր ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի նման ղեկավար:
«Այսօրվա ընդդիմությունը խայտառակություն ա, իշխանություններն էլ ավելի խայտառակություն են, մեկը մյուսին արժանի»,- հավելեց քաղաքացին:
Մեկ այլ քաղաքացի ասաց, թե բացասաբար է վերաբերվում ներկա իշխանության գործելաոճին, բայց հույս ունի, որ ժողովուրդը 2018թ․կատարած սխալը նորից չի կատարի:
«Տվյալ ղեկավարությունը, տվյալ ղեկավարը քաղաքական գործունեությունից չափից դուրս հեռու ա: Ինքն ավելի շուտ լավ լրագրող ա, քան թե լավ քաղաքագետ: Մեր պետությանը հիմա խելացի, տեղը տեղին, նորմալ, գիտակից քաղաքական գործիչ ա պետք, որը արդեն հղկված ա քաղաքականության մեջ, որը ժամանակին կարողացել ա բարձր պահի մեր պետության վարկանիշը… Ժողովուրդը էս մի սխալն էր, որ կուլ տվեց, երկրորդը չի լինի: Ինձ թվում ա, չի լինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկն էլ նշեց, թե կա իշխանափոխության անհրաժեշտություն, որովհետև առաջիկա քայլերի մասին խոսել հնարավոր կլինի միայն գործող իշխանության հեռացումից հետո:
«Հայաստանի տնտեսական աճը կազմում է ընդամենը 3.2%: Չեմ ուզում անուններ տամ, բայց նախագահ Քոչարյանի վերջին տարիներին՝ 13.8%: Այսօրվա իշխանությունը եկավ խոստումներով, եթե չասեմ՝ խաբերությամբ: Եկավ ջահը ձեռքին, որ՝ «լուսավորելու եմ, լավ է լինելու, տնտեսական թռիչք է լինելու, պայքար կոռուպցիայի դեմ»: Ի՞նչ ունեցանք արդյունքում՝ 5000 զոհ, 10.000 կմ քառակուսի կմ տարածքի կորուստ, հազարավոր հաշմանդամներ, խաբված հասարակություն և մթագնած, անսպասելի հեռանկար: Ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների խզում… Դարեհ թագավորն ասում էր՝ «հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին հնարավոր է բաժանել»: Այսօր բաժանվել ենք 2 մասի, 4 մասի, 10 մասի: 17 կուսակցություններ… Իշխանափոխություն պետք է լինի, իմքայլականները պիտի գնան… Մենք մեծ կորուստների մեջ մտանք, դրա իրավունքը մենք չունեինք: Մենք մեր մեջքը հետո դժվար ենք ուղղելու: Այսօր անհրաժեշտ է իշխանափոխությունը: Այսօր ցանկացած հետագայի լավ քայլերի մասին մենք կարող ենք ասել, խոսել, մտածել միայն այս իշխանության հեռացումից հետո: Ի՞նչ էր խոստանում սկզբից, և ի՞նչ ստացանք արդյունքում»,- ասաց քաղաքացին:
Հարցին, թե տեսնո՞ւմ է այն ուժին, ով պետք է լինի Հայաստանում, քաղաքացին պատասխանեց.
«Երբ որ Թրամփի աջակիցները Կապիտոլիումը գրավեցին, ոստիկանապետը հրաժեշտ տվեց: Նա չասեց, թե՝ «հետո ո՞վ է գալու»: Թե ով է այդ ուժը, մեզ հուշում է նաև Ալիևը: Ալիևն ասում էր՝ ես չեմ հաղթել այսօրվա վարչապետին՝ Նիկոլին, ես հաղթել եմ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակին…»:
Քաղաքացիներից մեկը մեր հարցը, թե ինչպես է գնահատում իշխանության գործունեությունը, «տխուր հարց» որակեց, ասաց, թե բացասաբար է վերաբերվում: Ճշտող հարցին, թե՝ խոստումները չե՞ն կատարել, նա արձագանքեց.
«Ի՞նչ խոստում, ի՞նչ կատարել, ի՞նչ ա կատարվում էս աշխարհում՝ ես չեմ հասկանում ընդհանրապես: Իհարկե չեն կատարվել: Ոչ մի խոստում էլ չի կատարվել: Նրանք սուտխոսան են, նրանք չեն կարա իրենց խոստումները կատարեն: Նրանք ընդհանրապես ոչ մի բան չեն կարող, նրանք ապիկար իշխանություններ են, վերջ: Ի՞նչ խոստումների կատարման մասին կարող է խոսք լինի երկրի էս վիճակում…
Կարծում եմ, որ իշխանափոխություն ա անհրաժեշտ: Կարծում եմ՝ էս մարդիկ պիտի ընդհանրապես հեռանան իշխանությունից, երկրից, երկրագնդից…
Չի հուզում մարդկանց էդ հարցը: Շատ բարդ հարց ա, մարդկանց ուղեղին չի հասնում, որ իրավիճակը երկրում շատ վատ ա, ծայրահեղ վատ ա… Մարդիկ ուղղակի չեն հասկանում, չեն գիտակցում՝ ինչ ա կատարվում էս երկրում: Իհարկե, կարելի է գնալ, հանրահավաքների մասնակցել, բայց քանի որ մարդկանց մեծամասնությանը պետք չի դա, ուղղակի պետք չի, իրանք զբաղված են իրենց օրվա հարցերով: Այ, եթե իրանց ասեին, որ ինչ-որ մեկից փողը խլելու են, իրանց բաժանեն, բոլորը դուրս կգային փողոց: Բայց քանի որ տենց հարց չկա, ոչ ոքից փող խլելու հարց չկա, պետք ա հայրենիքը պաշտպանել, պահպանել, ոչ ոքի դա պետք չի: Ես չեմ տեսնում, իրականում չեմ տեսնում՝ ինչ ա լինելու էս երկրի վերջը: Շատ տխուր ա վիճակը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում