Բաժիններ՝

«Կառավարության տրամադրած գումարը շատ քիչ է»․ Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչների մեծ մասը շարունակում են վարձով ապրել

2020 թվականի օգոստոսի 26-ին գազի արտահոսքից պայթյունի հետևանքով փլուզված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի 12 բնակարանների սեփականատերերը խնդրի առջև են կանգնել․ կառավարության կողմից տրամադրված գումարով նույն տարածքում չեն կարողանում բնակարաններ գնել։

Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ կառավարության կողմից փոխանցված գումարով միայն ծայրամասերում կարող են բնակարաններ գնել․

«Գումարը շատ քիչ է, քաղաքաշինության կոմիտեի գնահատած արժեքով՝ 1 քմ-ի համար 333 հազար դրամ է, դոլարի ներկա պահին եղած կուրսով՝ 30.000-31.000 դոլար, բայց մեր բնակարանների պես բնակարանները հենց այդ նույն շենքում 40.000 դոլարից են սկսվում, նույնիսկ առանց վերանորոգման աշխատանքների։ Գումարը փոխանցել են նոտարին, մեզ վաուչերներ են տվել, եթե դու ավելի էժան բնակարան ես ձեռք բերում, նոտարը տարբերությունը քեզ է փոխանցում, իսկ եթե ավելի թանկ՝ դու պետք է ավելացնես, բնականաբար»։

Քաղաքացին նաև տեղեկացրեց, որ փլուզումից հետո 2 ամիս պետութունն իր վրա էր վերցրել քաղաքացիների ժամանակավոր բնակարանների վարձավճարները, իսկ արդեն դրանից հետո բնակիչներն են վճարումները կատարում․

«Ամեն մարդ իր հաշվին մնում է․․․ Ասում էին՝ մի բան կանեն, 2 միլիոն դրամ կավելացնեն՝ որպես գույքի փոխհատուցում, բայց որ պատերազմը եղավ, էլ չդիմեցինք։ 2 սենյականոց բնակարանների սեփականատերերին 16 միլիոնից մի փոքր ավելի են տվել։ Այն ժամանակվա կուրսով 33.700 դոլար էր կազմում, բայց ներկա կուրսով 2000 դոլարից ավելի տարբերություն է տալիս, այդ գումարով միայն Մասիվում կամ Չարբախում կարող ենք բնակարան գնել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել: Երրորդ քաղաքացուն փրկարարները մահացած էին գտել, իսկ մյուս երկու քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց, ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս