Հին հունական «ֆեյսբուքը» և նոր հայկական «օստրակիսմոսը»
2018 թվականի գարնանը, երբ արդեն կանխորոշված էր «ժողովրդի թեկնածուի» ընտրությունը վարչապետի պաշտոնում, հայտնի հեռուստատեսային հարցազրուցավարին հյուրընկալվել էր իշխանության ձգտող խմբակի պատասխանատու ներկայացուցիչներից, որն այն ժամանակ դեռ ոչ թե փողկապով պաշտոնյա էր, այլ կարճաթև մարզաշապիկով երիտասարդ: Հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել երկիրը, քանի որ ոչ փորձ ունեք, ոչ էլ գիտելիք, նա պատասխանեց, որ իրենք չեն պատրաստվում ղեկավարել երկիրը: Իրենք դիմելու են ժողովրդին` հարցնելով՝ «ի՞նչ անել», և ինչ ժողովուրդը որոշի` դա էլ կանեն:
«Ժողովրդի իշխանության» և նոր տիպի ժողովրդավարության թեման շարունակեց իր բազմաթիվ դրսևորումները ստանալ իշխանափոխությունից հետո:
Ժողովրդի նոր «առաջնորդը» երևանյան հանրահավաքին հայտարարեց, որ սա նոր տիպի ժողովրդավարություն է, որը պատմության մեջ է մտնելու աթենքյան ժողովրդավարությունից առավել: Արտասահմանյան այցերից մեկի ընթացքում ժամանակակից եվրոպական ժողովրդավարության օրրանում` Ֆրանսիայում, նա հնչեցրեց «սպառնալիք»՝ հայկական նոր տիպի ժողովրդավարությունը ներմուծել Եվրոպա: Նույնիսկ Արցախյան հարցը խոստանում էր կարգավորել հրապարակում` ժողովրդի մասնակցությամբ…
Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին Աթենքի ժողովրդավարական համակարգի բարեփոխումների շրջանակներում Կլիսթենեսի առաջարկով ներմուծվեց օստրակիսմոսը՝ որպես տիրանոսների դեմ պայքարի միջոց: Նոր էր հեռացվել տիրանոս Պիսիստրատոսը, և ցանկություն կար բացառել նոր տիրանիա:
Օստրակոնների` կավե սալիկների վրա, քաղաքացիները գրում էին այն գործչի անունը, որն իրենց կարծիքով՝ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար: Տարեկան մեկ անգամ որոշում էին այն մարդուն, որը պետք է վտարվեր քաղաքից տասը տարով: Վտարվողները հանդիսանում էին տվյալ ժամանակաշրջանի ազդեցիկ քաղաքական, հասարակական կամ ռազմական գործիչները: Մինչև քվեարկությունը տարբեր խմբավորումներ կազմակերպում էին վտարման ենթակա թեկնածուների վարկաբեկման արշավներ, ծաղրող և ստորացնող ներկայացումներ, պիտակավորում էին վիրավորական բառերով, ենթարկում հանրային պարսավանքի, ձևավորում թշնամու կերպար:
Սա դեմոսի ձեռքում մի թավշյա գործիք էր, որի միջոցով` գաղտնի քվեարկությամբ և խաղաղ ճանապարհով, կարողանում էին պայքարել արիստոկրատիայի դեմ: Ընդ որում, բացակայում էր հստակ մեղադրանք կամ հիմնավորում, իսկ վտարվողը չուներ արդարանալու կամ բացատրվելու որևէ հնարավորություն: Քվեարկությունն էլ կատարվում էր կենտրոնական շուկայական հրապարակում, այլ ոչ թե՝ ավանդական ժողովավայրում:
Հետաքրքիր է, որ բացի վտարվողի անունը գրելուց, որոշ քաղաքացիներ չէին զլանում և կավե սալիկների վրա նաև գրում էին համապատասխան մեղադրանքները կամ պիտակները, մեղադրելով գործչին օտար հզոր պետության` Պարսկաստանի «եղբայրը» հանդիսանալու կամ այլասեռված կյանքով ապրելու` «շնաբարո» լինելու մեջ: Որոշ քաղաքական թիմեր նույնիսկ պատրաստում էին նման սալիկներ` այլ քաղաքացիներին տալու և քվեարկությունն ուղղորդելու, իսկ արհեստավորները` վաճառելու համար:
Մի շարք հին հույն գործիչներ օստրակիսմոսի շարժիչ ուժ էին համարում նախանձը ճանաչված մարդկանց նկատմամբ:
Օստրակոնների միջոցով քվեարկությունը տարածում ստացավ նաև Աթենքից դուրս` այլ քաղաքներում: Սակայն Սիրակուզներում, օրինակ, դրանք անցկացվում էին ավելի հաճախ: Որոշ ժամանակ անց գիտակից քաղաքացիները ստիպված եղան հրաժարվել այդպիսի ժողովրդավարությունից, քանի որ այստեղ այն նույնպես վերածվեց քաղաքական պայքարի միջոցի` դեմագոգները սոցիալական ստորին խավին դրդում էին խռովությունների և անկարգությունների, հայտնի և ազդեցիկ մարդիկ վտարվում էին, բազմաթիվ հարուստ, արժանի և հարգարժան քաղաքացիներ հրաժարվում էին քաղաքական գործունեությունից` խուսափելով զանգվածի նախանձից ու ատելությունից:
Ինչ վերաբերում է Աթենքին, ապա պատմաբանները նշում են ժողովրդավարության այս մեթոդից հրաժարվելու մի քանի պատճառ: Վերջին նման քվեարկությունը հանգեցրել էր ոչ թե ազդեցիկ մարդկանցից մեկի, այլ հենց քվեարկությունը նախաձեռնողի վտարման: Իսկ մ.թ.ա. 5-րդ դարի վերջին Պելոպոնեսյան պատերազմի երկրորդ փուլում ժողովրդավարական Աթենքը կրեց ջախջախիչ պարտություն օլիգարխիկ Սպարտայից, որի արդյունքում Աթենքը թուլացավ, իսկ քաղաքացիների թիվն այնքան կրճատվեց, որ հնարավոր չէր նման քվեարկությունների անցկացումը:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանի ներկայիս իշխանավորները երկիրը փաստացի տարել են հետ 2500 տարով և 21-րդ դարում դեռ պայքարում են Աթենքի ժողովրդավարությունը գերազանցելու, իսկ իրականում՝ դեմագոգների միջոցով լայն զանգվածների ստորին բնազդների վրա խաղալով՝ արժանի մարդկանց վարկաբեկելու, հասարակական ու քաղաքական կյանքից վտարելու ուղղությամբ, ունենալով մեկ նպատակ` ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը և բարելավել անձնական բարեկեցությունը:
Աթենքի օստրակոնների ժողովրդավարությունը Հայաստանում կրկնվեց նույնիսկ պատերազմի արդյունքներով` պարտությամբ օլիգարխիկ Ադրբեջանից: Իսկ երկրի շարունակական թուլացումն ու բնակչության թվաքանակի նվազեցումը դառնում են հայկական օստրակիսմոսի տրամաբանական հետևանքը:
Կասեք՝ այս բոլոր համընկնումները պատահակա՞ն են: Գուցե: Կարևորն այն է, որ Աթենքը չուներ ֆիզիկական բնաջնջման վտանգ: Իսկ Հայաստանի` այս ինքնաոչնչացման մեխանիզմի շարունակվելու դեպքում ևս 2500 տարվա պատմություն դժվար թե ունենանք:
Որքան շուտ մեր քաղաքացիները սա հասկանան և լծվեն ուժեղ ազգային պետություն կառուցելու գործին, այդքան մեծ կլինի հավանականությունը՝ շարունակել մեր ազգի բազմահազարամյա պատմությունը: Իսկ մինչ այդ յուրաքանչյուրը պետք է շտկի իր` նախկինում գործած սխալները:
Արա Նռանյան