«Իր վարկանիշի ամենաբարձր մակարդակում Նիկոլն ընդամենը 35 տոկոս ձայներ վերցրեց». Խոսրով Հարությունյան
«Այն իրավիճակը, որը փաստացի մենք ունենք՝ թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից, ոչ միայն մտահոգիչ է, այլ նույնիսկ լուրջ սպառնալիքներ է իր մեջ պարունակում, բայց մեր հանրության արձագանքն ադեկվատ չէ այդ իրավիճակին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ այն պայմանավորելով հիասթափությամբ:
Ըստ նրա՝ հանրության մի ստվար հատվածի մոտ իշխանություն և պետություն հասկացությունները նույնացվում են, և մարդիկ հիասթափվելով իշխանություններից՝ սկսում են անտարբեր լինել և պետության ու պետականության հանդեպ. «2018 թվականի իշխանափոխությունից հետո (ես երբեք դա չեմ համարել հեղափոխություն), այդուհանդերձ, հանրության մի ստվար զանգվածի մոտ այսօրվա գործող իշխանության նկատմամբ ձևավորվեց, միգուցե և՝ օբյեկտիվորեն, վստահություն, սպասելիքներ, և, ընդ որում, այդ սպասելիքները շատ մեծ էին, թեպետ մենք պետք է արձանագրենք նաև, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակ՝ իր պիկի, իր վարկանիշի ամենաբարձր մակարդակում Նիկոլն ընդամենը 35 տոկոս ձայներ վերցրեց (35 էլ չկար, բայց դա չի կարևորը, այդուհանդերձ, հանրության մի ստվար զանգվածի մոտ սպասելիքներ ձևավորվել էին): Հիմա այդ սպասելիքներն ի չիք եղան. բոլորի մոտ ակնհայտորեն խորը հիասթափություն կա:
Իմ պատկերացմամբ՝ շատերի այդ հիասթափությունն ուղղակի հանգեցնում է նաև պետության ու պետականության նկատմամբ հիասթափության»:
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ի՞նչ տարբերակ կա, և եթե նա չգնա, ի՞նչ տեղի կունենա երկրի հետ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց.
«Այն, որ Փաշինյանը չի պատրաստվում զիջել իշխանության ղեկը, կարծում եմ, այլևս որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում: Եվ այստեղից ամենատարբեր եզրակացություններ, հետևություններ կարելի է անել. առաջինը՝ շատ տարօրինակ է թվում, չէ՞, մարդ, որը ոչ միայն տնտեսությունն ու սոցիալական համակարգն էր քանդել, կազմաքանդել մինչև պատերազմը, իշխանություն կամ ղեկավար՝ տանուլ տվեց պատերազմը խայտառակ ձևով, այս պայմաններում, երբ նա չի զիջում, սկսում ես մտածել, որ նա ինչ-որ ծրագրեր ունի, որ դեռևս չի իրականացրել: Ինչպիսին են այդ ծրագրերը՝ կարելի է եզրակացնել, բայց մի բան կարող ենք ասել՝ այդ ծրագրերը երբեք Հայաստանանպաստ, պետականանպաստ չեն լինելու, սա ակնհայտ է:
Տարբերակը, ես կարծում եմ, որ պետք է լինի ժողովուրդը: Ի դեպ, ես սկզբունքորեն դեմ եմ առանձին անհատների նախաձեռնությամբ իշխանափոխությանը, որովհետև դա իր հետ բերել է ուրիշ պրոբլեմ. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, սա ժողովրդի խնդիրն է, սա առանձին մարդկանց խնդիրը չէ, սա առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ կուսակցությունների խնդիր չէ. սա պետության ապագայի հարցն է, որը վերաբերում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուրիս ընտանիքին, մեր երեխաների վաղվա օրվան: Հետևաբար՝ այս խնդրի լուծումը ժողովրդինն է. ժողովուրդը պետք է ոտքի ելնի, ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում»: