Վերջին երկրաշարժին հաջորդել է 100 հետցնցում. ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում շարունակաբար շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,-նշում են նախարարությունից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նույն օրվա դրությամբ 100 հետցնցում է գրանցվել: «Ցնցումները գնալով նվազում են, և սեյսմիկ ակտիվությունը Փարաքարի օջախում թուլանում է: Հետցնցումները շատ ցածր մագնիտուդով են եղել, որոնք բնակչության համար զգալի չեն եղել»,-շեշտեց նա:
Այդուհանդերձ չպետք է անտեսել հնարավորությունը, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը չեն բացառվում: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակում է պահպանվել, և վերլուծությունները ցույց են տալիս, որ հնարավոր է թույլ և միջին ուժգնության երկրաշարժեր լինեն»,-նշեց Բաղդասարյանը: