Բաժիններ՝

Աֆրոմիությունը փորձագետների խումբ կուղարկի Գվինեա էբոլայի բռնկման պատճառով

Աֆրիկյան միությանն առընթեր Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (CDC) արտակարգ հակազդման փորձագետներից բաղկացած խումբ կուղարկի Գվինեա, որտեղ ավելի վաղ գրանցվել է էբոլա տենդի բռնկում: Այդ մասին հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Փետրվարի 14-ին Գվինեայի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Գուեկի ենթապրեֆեկտուրայում էբոլա տենդի համաճարակի սկսվելու մասին: Իշխանությունների տվյալներով՝ միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ երկրում գրանցվել էէբոլայից մահվան չորս դեպք:

«Աֆրիկյան միության հանձնաժողովը տեղեկացվել է բռնկման մասին եւ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Աֆրոմիության բոլոր հաստատություններին: Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (CDC) կշարունակի աշխատել Գվինեայի Հանրապետության կառավարության հետ եւ պատրաստվել առաջիկա 48 ժամում ստեղծելու արտակարգ հակազդման փորձագետներից բաղկացած խումբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը զետեղվել է կենտրոնի կայքում: Նշվում է, որ CDC-ն Առողջապահության արեւմտաաֆրիկյան կազմակերպության հետ համատեղ փորձագետների արտակարգ խորհրդակցություն կգումարի միջոցառումները Գվինեայում եւ հարեւան երկրներում ավելի լավ համակարգելու համար: ԱՀԿ-ի տվյալներով՝ Գվինեայում 2016 թվականից ի վեր առաջին անգամ լաբորատոր գրանցվել է էբոլայով վարակման երեք դեպք: Նախնական հետաքննության համաձայն, հիվանդության առաջին զոհը դարձել է բուժքույրը, որը մահացել է հունվարի 28-ին: Նրան հուղարկավորելուց հետո վեց մարդու մոտ հայտնաբերվել են տենդի ախտանշաններ: Նրանցից երկուսը մահացել Է, եւս չորսը՝ հոսպիտալացվել:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 11,3 հազար հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս