«Ադրբեջանական դիրքերը շատ են մոտեցել մեր համայնքներին՝ պարսատիկով անգամ կարող են կրակել». Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ է վերադարձել Սյունիքից և կարող է ասել, որ այսօր ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի բնակչության անվտանգության խնդիրը լուծված չէ։
«Այս հարցերը մենք միշտ բարձրաձայնում ենք, սակայն կառավարությունը սիրուն ձևով խուսանավում է։ Եթե Սյունիքում անվտանգության խնդիրը լուծված չէ, ինչքան ուզում են՝ թող բնակելի տներ կառուցեն, այսօր գլխավոր խնդիրը մնում է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի, Սյունիքում դեպի Կապան գնացող ճանապարհին կա ցուցանակ՝ «բարի գալուստ Ադրբեջան», սա ի՞նչ է, եթե ոչ՝ հոգեբանական բռնության փորձի օրինակ»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց պետք է առնվազն երաշխավորություն վերցներ Ադրբեջանից, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում ռազմական որևէ գործողություն չէր իրականացնելու։
«Սահմանները, ադրբեջանական դիրքերը շատ են մոտեցել մեր համայնքներին՝ ներքին Խնձորեսկում, Սիսիանում, Կապանում, մի առիթով ասել եմ, որ պարսատիկով անգամ կարող են կրակել։ Մենք Սյունիքում ունեցանք ոչխարների պատմությունը, հիմա էլ սկսվելու է խոշոր եղջերավորների հետ կապված։ Հովիվները սահմանները հստակ չգիտեն, մենք, ցավոք, գերեվարման նոր դեպքեր կարող ենք ունենալ։ Նախորդ տարի, երբ դիրքերն այսքան մոտ չէին, Նախիջևանից Ներքին Խնձորեսկի բնակչին գերեվարել էին։ Այս խնդիրները կան, և հիմա, ցավոք, Սյունիքից որևէ լավ բան չեմ կարող ասել»,- հավելեց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ, չնայած ադրբեջանական կողմի հոգեբանական ճնշումներին, սյունեցիները խուճապի չեն մատնվում։
Պատգամավորի դիտարկմամբ, եթե վաղը որևէ սրացում լինի Սյունիքում, ներկայիս ճանապարհները շատ վտանգավոր են դառնալու, հետևաբար՝ պետք է լինեն այլընտրանքային ճանապարհներ, չնայած դրանով խնդիրները չեն լուծվի՝ անվտանգության հետ կապված խնդիրները կշարունակեն մնալ չլուծված։
«Այս իշխանությունը շատ թույլ է, և միայն նիստեր անելով՝ որևէ հարց չի լուծվի»,- եզրափակեց Սրբուհի Գրիգորյանը։