«Դատախազությունը, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ». Արծվիկ Մինասյան
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի խումբ փաստաբաններ ու իրավաբան-գիտնականներ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ դատախազությունը նման դեպքերում պարտավոր է հստակ որոշում կայացնել կա՛մ քրեական գործ հարուցելու, կա՛մ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, կա՛մ էլ ներկայացված հաղորդումը պետք է ուղարկեր ըստ քննչական ենթակայության:
Փաստաբանների ներկայացրած հաղորդման դեպքում դատախազությունն այլ գործելաոճ է դրսևորել, այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ հարուցված քրեական գործին: Դատախազության ու ՀՔԾ-ի որոշումների դեմ փաստաբանների բողոքի քննության առաջին նիստը նշանակված էր այսօր:
«Դատախազությունը հորինել է մի նոր տարբերակ՝ 4-րդ տարբերակ, որով, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ, եթե այսպես կարելի է ձևակերպել: Պահանջը այսօրվա դատական նիստի փաստաբանների նա է, որ դատախազություն, դու իրավունք չունես Սահմանադրության և օրենքի խախտում թույլ տալ: Դու պետք է կայացնեիր այս 3 որոշումներից որևէ մեկը: Նաև Հատուկ քննչական ծառայություն»,- մինչև դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, իրավաբան Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ ակնհայտ է, որ դատարանը պետք է բավարարի փաստաբանների պահանջը, հակառակ դեպքում կստացվի, որ դատական իշխանությունն էլ է գտնվում ապօրինի գործողությունների տիրույթում: Ըստ Մինասյանի՝ ներկայացված հաղորդումներում կան մի շարք հարցեր, որոնց պատասխանը պետք է տար դատախազությունը:
«Մենք տեսնում ենք, որ դատախազությունը ոչ միայն որդեգրել է ջայլամի քաղաքականություն, այլ նաև փորձում է տարբեր ապօրինի գործողություններով հրել այս կամ այն հաղորդումը դեպի 308-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցված քրեական գործի շրջանակներում»,- նշեց Արծվիկ Մինասյանը: