Եթե Փաշինյանը դավաճանության հետ կապ չունի, ձախողումն իրենց փնթիության արդյունքն էր, ապա պետք է շահագրգռված լինեն, որ գործ հարուցվի. Արա Զոհրաբյան

Փաստաբանները 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն: Դատախազությունը գործն ուղարկել էր ՀՔԾ, որը, ըստ օրենքի, պետք է  որոշում կայացներ՝ կամ  գործ հարուցելու, կամ գործի հարուցումը մերժելու մասին, կամ պետք է հաղորդումն ուղարկեր ըստ ենթակայության: Մինչդեռ ՀՔԾ-ն բոլորովին այլ որոշում է կայացրել, որի դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան:

«Իրենք գրությունով են պատասխանել՝ նշելով՝ «այս ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի առիթով հարուցված քրեական գործի նյութերին», և քննելու են այդ գործի շրջանակներում: Մինչդեռ ՔԴՕ-ն այդպիսի հնարավորություն չի նախատեսում: 3 որոշում, որևէ 4-րդ ճանապարհ այստեղ չի կարող լինել: Եվ մենք բողոքարկել ենք, իրենց անգործությունը վիճարկել ենք դատարան և դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն՝ պետք է պարտավորեցնի ՀՔԾ-ին, որպեսզի իրենք պատշաճ որոշում կայացնեն»,- դատարանի բակում՝ մինչև դատական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ եթե հիմքը չկա, այսինքն՝ իրենց ներկայացրած փաստերը առերևույթ չեն վկայում դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվեր:

Հիշեցնենք, որ փաստաբանները  ներկայացրած հաղորդման մեջ ներառել էին միջպատերազմական իրադարձությունները, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Կառավարության նիստում պետական գաղտնիքի հրապարակումը, երբ Փաշինյան   պարենային պաշարների մասին տվյալների հրապարակեց, ինչպես նաև պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշ այլ գործողություններ:

Զոհրաբյանի խոսքով՝ Մովսես Հակոբյանին առնչվող գործն այլ հանցագործության օբյեկտի է ուղղված, վերաբերում է պետական ծառայությանը, ու քրեական գործ է հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով, մինչդեռ փաստաբանները պետական դատավաճանության մասին են հաղորդում ներկայացրել, որի օբյեկտը պետական անվտանգությունն է:

«Մենք կարծում ենք, որ նույնիսկ արդյունավետ չի կարող լինել այդ քրեական գործի շրջանակներում  ստուգել այս փաստերը: Ավելին ասեմ՝ մեր կողմից մատնանշված որոշ իրադարձություններ նաև հետպատերազմյան շրջանին են վերաբերում…

Բոլոր դեպքերում, երբ իրավասու մարմինը իր պարտականությունը ուղիղ չի կատարում և, այսպես ասած, մի մեծ տակառ է ստեղծել և բոլոր գործերը գցում է այդ տակառի մեջ, մենք այստեղ, իհարկե, գործը հետաձգելու, ձախողելու միտում ենք տեսնում և հիմա էլ այս գործողություններով փորձում ենք ուղղակի փաստի առաջ կանգնեցնել նաև դատախազությանն ու ՀՔԾ-ին, որովհետև, հարգելիներս, մենք չենք ասում՝ պարտադիր եղել է դավաճանություն, մենք ասում ենք՝ մենք այսպիսի կասկած ունենք, հանրությունը դրա մասին է խոսում, հարուցեք, ստուգեք: Հակառակը, իրենք պետք է հենց այս հոդվածով հարուցեին՝ դավաճանության, և ստուգեին և մեր կասկածները փարատեին: Ես կարծում եմ՝ սա նաև հենց իշխանությանն է պետք: Եթե իրենք դավաճանության հետ կապ չունեն, այլ, կներեք արտահայտությանս, սա իրենց փնթիության արդյունքն էր այս մեր ձախողումը, ապա իրենք պետք է շահագրգռված լինեն, օր առաջ սա հարուցվի, ստուգվի, հրապարակայնորեն ներկայացվի, որպեսզի հանրությունը այս մի կասկածն իր միջից հանի: Հակառակ դեպքում ավելի են խորանում մեր կասկածները, մտածում ենք՝ ուրեմն վախենալու բան ունեն, չեն ուզում գործ հարուցեն և ստուգեն»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս