Բաժիններ՝

«Կոռուպցիայի դեմ «պայքարող» այս իշխանությունները պայքար են սկսել կոռուպցիայի դեմ իրական պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների դեմ». Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ժամանակին «հանցավոր», «կոռումպացված» իշխանությունների կողմից ստեղծվել է e-gov (e-gov.am) էլեկտրոնային կառավարման համակարգը, որը, ի թիվս բազմաթիվ գործառույթների, «Ինտերակտիվ բյուջե» բաժնի միջոցով հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկացված լինել պետական բյուջեի և դրա ծախսերի մասին։ «Հեղափոխական», «ժողովրդավարական», «բաց», «թափանցիկ», «հրապարակային» և էլի շատ ու շատ գեղեցիկ մակդիրներով իրենց բնորոշող այս իշխանությունների օրոք այն այժմ ունի հետևյալ տեսքը․ փակ և անհասանելի։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այս իշխանությունները փաստացի պայքար են սկսել կոռուպցիայի դեմ իրական պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների դեմ, որպեսզի քաղաքացիները զրկված լինեն իշխանությունների անմիտ, անտրամաբանական, չարդարացված և շռայլ ծախսերին հետևելուց։ Այժմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի կարող տեղեկանալ, թե ամսական որքան գումար է ծախսվում կառավարական ամառանոցների ողջ տարածքի պահպանման և սպասարկման վրա, որտեղ ողջ հասարակության հաշվին իրեն կեցություն են վայելում Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Հակառակ պարագայում, նրանք կարող էին տեսնել, որ այդ ամսական ծախսերն ավելին են, քան այն «շքեղ դղյակների» արժեքը, որի համար նրանք պայքարի էին եղել նախորդ իշխանությունների դեմ։ Որքան, որ ինձ հայտնի է մինչ այժմ լրագրողական հարցումներին ի պատասխան հայտնվել է, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքիների պետության հաշվին կատարվող ծախսերը պետական գաղտնիք են։ Ցանկացած տնային տնտեսուհի անգամ կարող է հաշվել, որ մի քանի հեկտար տարածքի վրա մի քանի օգտագործվող և չօգտագործվող առանձնատների և դրանց տարածքների բարեկարգման, պահպանման, ջեռուցման, կահավորման, մատուցողների, խոհարարների, բազմաթիվ այլ տեխնիկական սպասարկող անձնակազմի վարձատրության, էլ չենք խոսում անվտանգության հարյուրավոր աշխատակիցների, դրանց տեխնիկական, տրանսպորտային միջոցների և այլնի համար յուրաքանչյուր ամիս ծախսվում են միլիոնավոր դրամներ։ Իսկ Արցախը թշնամուն հանձնելուց և պատերազմի դաժան հետևանքներից հետո փողոցում մնացած մեր հազարավոր հայրենակիցները պիտի շարունակեն վճարել իրենց այդ վիճակին հասցրած պաշտոնյաների շքեղ կեցության համար՝ իբրև «երախտիք» և «շնորհակալություն»։

Ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք մի հասարակություն, որի համար այս ամենն անընդունելի էր։ Ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք մի ժողովուրդ, որը տերն էր իշխանության, իսկ հիմա կյանքը գլխիվայր շուռ է եկել․ իշխանությունն է դարձել ամեն ինչի տերը, դարձել սանձարձակ և անկառավարելի։ Հենց դրանում է այս իշխանության վտանգավորությունը․ նրանք իրենց պատասխանատու չեն զգում ոչ մեկի առջև։ Դա կարող է լինել միայն մի դեպքում, երբ հասարակությունը ոտքի կանգնի և փորձի նորից տերը լինել իր իշխանությանը, այլ ոչ թե մնա ստրուկի կարգավիճակում»:

May be an image of text

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս