Բաժիններ՝

ԱԻՆ-ը պաշտոնապես հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերը

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ համացանցում տարածված լուրերը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբI

Գիշերը ևս երկրաշարժ է գրանցվել. տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս