Կարո Բալյանը որպես գլխավոր ռեժիսոր կղեկավարի Օրսկի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը
Բեմադրիչ Կարո Բալյանը աշխատանքի նոր առաջարկ է ստացել. որպես գլխավոր ռեժիսոր նա կղեկավարի Օրսկի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը։ Բալյանը նշում է, որ ոչ վաղ անցյալում Օրսկի թատրոնում բեմադրություն անելու առիթ է ունեցել: Նա ընդգծում է, որ թատրոնը հրաշալի դերասանական կազմ ունի, տեխնիկապես հագեցած է:
«Հրավերն ընդունել եմ: Պետք է համատեղեմ այնտեղի և այստեղի աշխատանքները: Կարծում եմ՝ կստացվի»,-նշում է Բալյանը:
Մինչ նոր աշխատանքին անցնելը, Բալյանը կմեկնի Օրենբուրգ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրելու։ Խոսելով իր արտերկրյա թատերական նախագծերի մասին՝ Բալյանը կես կատակ, կես լուրջ նշում է, որ, եթե չլինեին արտերկրյա հրավերները, խելագարվել կարելի էր հայկական մշակութային անտրամաբանության մեջ:
Անդրադառնալով օրերս Կրայովայի թատերական փառատոնի (Ռումինիա) շրջանակում անցկացված «Հեկտոմերոն» թատերական նախագծին՝ Կարո Բալյանն ասաց, որ նախագծին մասնակցել են հրավիրյալ ռեժիսորներ աշխարհի 100 երկրից: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է բեմադել այս կամ այն պատմությունը իտալական վերածննդի դարաշրջանի հանրահայտ հեղինակ Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունից։ «Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր նախագիծ էր։ Սիրով ընդունեցի փառատոնի մասնակցելու հրավերը։ Բոլոր 100 պատմություններին կարող եք ծանոթանալ կայքի միջոցով»,- ասում է բեմադրիչը։
Անցած ամիս Բալյանը հրավեր է ստացել Թաթարստանից, որտեղ բեմադրել է «Անսանձ կնոջ սանձահարումը»` թաթարերեն։ «Պրեմիերան շատ լավ անցավ: Ուղղակի սոցցանցերում ակտիվ չեմ: Դեռ պատրաստ չեմ այս իրադարձություններից հետո իմ գործերով կիսվելու ու իմ նորությունների մասին հայտնելու հանրությանը։ Աշխատում եմ, բայց լուռ… Դեռ ամաչում եմ ուրախանալ և կիսվել իմ բեմադրություններով այս համատարած սգի ու քաոսի մեջ»,-խոստովանում է Բալյանը:
Նա տեղեկացնում է, որ փետրվարի 16 և 17-ին Երևանում նախատեսվում է «Կապիր ինձ մահճակալին» ներկայացման առաջնախաղը:
Այն պետք է կայանար 2020-ի մարտին, սակայն կարանտինը բոլոր ծրագրերն ի չիք դարձրեց։ «Ուղիղ 11 ամիս անց վերադարձանք կրկին կիսատ թողած գործին։ Առաջնախաղը տեղի կունենա Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս է ժողովուրդը գալու կատակերգություն դիտելու։ Եկեք այլ տեսանկյունից նայենք հարցին: Այս մռայլության մեջ մի փոքր շեղող հանգամանք է պետք, վստահ եմ. գոնե 1. 30 ժամով: Ներկայացման մեջ զբաղված են բոլորին հայտնի ու շատ սիրելի դերասաններ Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մխիթար Ավետիսյանը, Անի Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Սաթենիկ Հազարյանն ու Լիա Զախարյանը։ Ի ուրախություն մեզ՝ տոմս գրեթե չի մնացել: Արդեն մարտի ցուցադրություններին ենք պատրաստվում»,-շեշտում է ռեժիսորը։ Բեմադրության ասելիքի մասին բեմադրիչը նախընտրում է չխոսել։ «Դրա մասին միշտ խոսում է հանդիսատեսը։ Այդպես ավելի ճիշտ է։ Այն աշխարհահռչակ Րաֆֆի Շարթի պիեսն է, որևէ բան մենք չենք հնարել։ «Մոդդ Իվենց» ընկերության ջանքերով իրականացավ այս ներկայացումը։ Համոզված եմ, որ երկար կյանք կունենա, եթե, իհարկե, թատրոնները կրկին չփակվեն»,- եզրափակում է Կարո Բալյանը: