
Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ով

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին փետրվարի 12-ին հաղորդել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:
«Ես արդեն ստացել եմ ներարկումը, հաջորդը փետրվարի 17-ին է»,-ռեժիսորի խոսքը գործակալությունը մեջբերում է Facebook-ի իր պաշտոնական էջում: Հաղորդագրության համաձայն, ռեժիսորը կարծում է, որ սերբերի մեծամասնությունը վստահում է հենց ռուսաստանյան պատվաստանյութին:
«Բելգրադյան էլիտան, որը մոտ է Արեւմուտքին, հավատում է «Պֆայզեր»-ին եւ «Մոդեռն»-ին, բայց ես կարծում եմ, որ սերբերի 80 տոկոսը հավատում է ռուսներին եւ հավատում է «Սպուտնիկ V»-ի արդյունավետությանը: Նրանք դա համարում են լավագույն պատվաստանյութը եւ հույս ունեն, որ այն ավելի շատ կլինի Սերբիայում: Այդ պատվաստանյութը մեզ համար ամենակարեւորն է»,-«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն մեջբերում է ռեժիսորի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: