Ժողովրդագիրների լռությունը
Անցած տարի մեր երկրի սոցիալ-տնտեսական ամենացավոտ փոփոխությունները կատարվել են ժողովրդագրության ոլորտում: Երկրի բնակչության թվակազմի, կառուցվածքի վերլուծությունները, հարկավ, ժամանակ կպահանջեն: Բայց կան տվյալներ ու փաստեր, որոնք օր առաջ գնահատման կարիք ունեն:
Պաշտոնապես հայտարարվել է, որ 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ երկրի բնակչության թվաքանակը 2 մլն 964.100 մարդ է: Ուղիղ 4400–ով ավելի՝ քան 2020-ի հունվարի 1-ին: Սա՝ այն պարագային, երբ համավարակի պատճառով սահմանները փակ էին: Բայց միայն մշտական բնակչության այդքան «համեստ» քանակական աճը չէ հիմնական խնդիրը: Ժողովրդագրությունը բնակչության թվաքանակին զուգահեռ՝ ներկայացնում է նաև երկրի բնակչության միջին տարիքը: Այն շարունակում է հարաճուն աճել: 2019-ին մեր միջին տարիքը 36,7 էր: Հիմա՝ 36.9 տարեկան:
Այսինքն՝ շարունակում ենք ծերանալ: Դա՝ այն պատճառով, որ ծնունդների թիվը չի աճում: 2050թ․ 5 մլն-անոց Հայաստան ապահովելու իշխանությունների խոստումներին հակառակ՝ ծնունդների քանակն էական փոփոխություն չի կրում: Իհարկե, կարելի է ասել, որ 2019թ․ 36.41 երեխայի ծնունդի դիմաց՝ 2020-ին արձանագրվել է 36.448 ծնունդ: Կարելի է ասել ու ուրախանալ, եթե չհամեմատես նախորդ տարիների թվերի հետ: Չհամեմատես ու չտեսնես, որ 2018-ին ծնունդների թիվն ավելի շատ է եղել՝ 36․576 երեխա:
Կա նաև ժողովրդագրական մեկ այլ փաստ․ 2020-ին կտրուկ աճել են մահացությունները: 2018-ին մեր երկրում գրանցվել է մահացության 25.751 դեպք: 2019-ին՝ մի փոքր ավելի՝ 26.186: Իսկ 2020-ի մահացությունների ցուցանիշը 35.371 է: Մահացության տվյալներին կից ներկայացվում է, որ 2020-ին եղել է «2291 մահացության դեպքերի գրանցում զինվորական գործունեության հետևանքով»:
Պարզ է, որ այս թեման, համավարակի մահացության թվաքանակի հետ (3405 դեպք), դեռ երկար քննարկումների կարժանանա: Հիմա դիտարկենք միայն ժողովրդագրական արդեն արձանագրված տվյալները:
2019-ին Մեր երկրի մայրաքաղաքում և բոլոր մարզերում, բացառությամբ Լոռիի, դրական բնական հավելաճ էր արձանագրվել: Ժողովրդագիրները «դրական բնական հավելաճ» անվանում են այն իրավիճակը, երբ տվյալ տարածքում ծնունդների քանակը գերազանցում է մահացություններին: Հակառակ իրավիճակի հետևանքով, տվյալ տարածքի բնակչությունը սկսում է կրճատվել: Եթե, իհարկե, չկա արհեստական՝ ներգաղթի ու միգրացիայի հետ կապված աճ:
Բայց մեր երկրում 2020-ին ներքին ներգաղթ համարյա չկար: Իսկ ներքին միգրացիայի հաշվին հիմնականում (կամ՝ միայն) Երևանի բնակչությունն է աճում: Անցած տարի դրական բնական հավելաճ արձանագրվել է միայն մայրաքաղաքում (4200 մարդ) և Գեղարքունիքի մարզում (177 մարդ): Մնացած բոլոր մարզերի բնական հավելաճի ցուցանիշը բացասական է:
Արագածոտնի մարզում մահացության դեպքերը ծնունդներին գերազանցել են 170-ով, Արարատի մարզում՝ 363-ով, Արմավիրում՝ 494-ով, Լոռու մարզում՝ 514-ով, Կոտայքում՝ 515-ով, Շիրակում՝ 248-ով, Սյունիքում՝ 369-ով, Վայոց ձորի մարզում՝ 266-ով, իսկ Տավուշում՝ 372-ով: Փաստորեն, 10 մարզից 9-ում բնակչության բնական հավելաճ չկա: Սրան գումարած՝ չկա իրավիճակի սթափ գնահատական, որովհետև 2.5 տարի թմբկահարվող ու 2050թ․ երկրի բնակչությունը 5 մլն-ի հասցնելու ծրագիրը, որ պատերազմից մի քանի օր առաջ հանրայնացվեց, լուրջ չես համարի:
Հասկանալի է, որ «զինվորական գործունեության հետևանքով մահացության դեպքերի գրանցումը» պաշտոնական վիճակագրությունը կփորձի տարրալուծել ժամանակի մեջ: Բայց հասկանալի չէ, թե ինչու ժողովրդագիրները չեն վերլուծում ստեղծված իրավիճակը: Ի վերջո, կարելի է հաշվարկել, թե պատերազմի զոհերից 2000-2002թթ․ տղաների մահվան փաստն ինչ «ժողովրդագրական ալիք-հետևանքներ» կծնի: Հետևանքներ, որ տասնամյակների պարբերականությամբ նկատելի են լինելու մեր ժողովրդագրական տվյալներում: Պիտի որ պատերազմի զուտ քաղաքական, քաղաքագիտական ու տնտեսական վերլուծություններից բացի, հայտնվեն այլ մասնագիտական վերլուծություններ: Առաջին հերթին՝ ժողովրդագրական: