«Սաղ ծախեցին, ո՞ւր գնանք, գնանք Թուրքիայո՞ւմ ապրենք»․ քաղաքացիները՝ իշխանությունների և իշխանափոխության մասին
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։
Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացվե՞լ են ձեր սպասումները։
«Բայց ո՞վ է գոհ, որ ես գոհ լինեմ, իհարկե դժգոհ եմ։ Ավելի լավ է դուք ասեք՝ ինչի՞ համար գոհ լինեմ, մնացած ամեն ինչի համար դժգոհ ենք, ոչ մի բանի համար գոհ չենք։ Առաջինը՝ այս պատերազմական վիճակը, գերիների հարցը, մնացած ամեն ինչ, ոչ մի գոհ լինելու պատճառ չեմ տեսնում, օր օրի ավելի է վատանում, ու վախենում ենք մտածենք հետագայի մասին՝ այս իշխանության հետ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Շատ վատ է երկրի դրությունը, շատ-շատ վատ է, մի կարգին ղեկավար դնեն։ Ճիշտ է՝ Փաշինյանը լավ է, բայց շատ թույլ է․ թույլ է, մի կարգին ղեկավար դնեն, այս ժողովուրդը մեղք է, մի քիչ կյանքը լավ լինի»,- ասաց մեծահասակ մի կին։
«Շատ վատն են գործող իշխանությունները, որովհետև ժողովրդի մասին մտածող չկա, ամեն մեկն իր աթոռի մասին է մտածում, ուրիշ ոչ մի բան»,- ասաց քաղաքացիներից մյուսը։
Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ ինքը շատ գոհ է ներկա իշխանություններից, իսկ թե ի՞նչն է գոհունակության առիթը, ասաց․
«Մասնավորապես, ինչ որ հիմա կատարվում է Ազգային ժողովում, գոհ եմ»։
Տարեց մի կին էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ինչ-որ մի բան կանի։ Հարցին, թե, օրինակ, ի՞նչ, քաղաքացին պատասխանեց․
«Ես իրեն հավատում եմ, չգիտեմ, ես իր կողմից եմ»։
Եղավ նաև այսպիսի պատասխան․
«Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, եթե մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, դա արդեն ամեն ինչ խոսում է»։
Թոշակառու մի կին էլ տեսախցիկի առաջ անկեղծացավ՝ ասելով, որ նախկինում պաշտել է Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա՝ ոչ․
«Սխալ բաներ է անում, շատ սխալ բաներ է անում, դե, չեմ ուզում ասեմ, որ հանձնել է, նոր գաղտնի փաստաթուղթ է երևան գալիս, ուղղակի մեր սոցիալական վիճակից դժգոհում եմ, շատ եմ դժգոհում։ Կրկնում եմ՝ ես շատ գոհ էի, շա՛տ, բայց հիմա՝ ոչ, հիմա դժգոհ եմ, շա՛տ դժգոհ եմ»։
Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն
«Պարտադիր, հազիվ ոգևորվեցինք, մտածեցինք՝ հես ա, կյանքը մեզ մոտ կնորմալանա, բայց նորից ճահճի մեջ հայտնվեցինք, ընդհակառակը՝ ավելի վատ վիճակի մեջ ընկանք»,- ասաց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի կին։
«Անպայման, քանի որ մենք ղեկավար չունենք, երկիրն անտերության մեջ է»,- պատասխանեց մեկ ուրիշը։
Ազգային ժողովի աշխատանքից գոհ տղամարդն էլ այս հարցին պատասխանեց․
«Չէ, մեր վարչապետից մենք շատ գոհ ենք, այնպես որ, իշխանափոխություն պետք չէ մեզ»։
Մեծահասակ մի կին էլ պատասխանեց, որ, եթե դժգոհ են, բնականաբար, պետք է փոխեն իշխանությանը․
«Բա այսպես մնա՝ ի՞նչ լինի, սաղ ծախեցին, ո՞ւր գնանք, գնանք Թուրքիայո՞ւմ ապրենք»։
Նախորդ հարցին արդեն պատասխանած տարեց կինը ևս կողմ էր, որ Հայաստանում իշխանափոխություն լինի․
«Միայն գիտակ, պրոֆեսիոնալ մասնագետներ լինեն, պատահական «Իմ քայլի» երեխաները չլինեն, «Իմ քայլի» երեխաները շատ սխալ բաներ են անում, հետո տուժվելու են, ափսոս են, երիտասարդ կյանքն այդ վիճակում են թողնում»։
Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք
Այս հարցին քաղաքացիների մեծ մասը չկարողացավ կոնկրետ պատասխան տալ, ասում են՝ դեռ չեն տեսնում այն առաջնորդին, որը երկիրը կարող է դուրս բերել այս վիճակից։
«Դեռ չգիտեմ՝ ում կընտրեմ, բայց, որ փոփոխություններ պետք են՝ միանշանակ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Հարցվածներից մի տղամարդ էլ երկիրն այս վիճակից դուրս բերելու ելքը տեսնում է՝ Ռուսաստանին միանալով․
«Ռուսաստանի հետ միանան, ռուսները կառավարեն։ Անկանխատեսելի են՝ սկզբից մի բան են խոստանում, հետո ուրիշ բան են անում։ Իսկ ինչ որ ասում եք՝ իշխանություն, ես չեմ տեսնում, 3 տարի չի՛ եղել իշխանություն»։
Քաղաքացիներ էլ եղան, որ պատասխանեցին, որ երբեք չեն մասնակցել ընտրություններին և այս անգամ էլ չեն պատրաստվում դա անել։
Հարցման մասնակից տղամարդը, որն արդեն Ազգային ժողովի և Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բարձր էր գնահատել, այս հարցին էլ նույն պատասխանը տվեց. եթե ընտրություններ լինեն՝ կընտրի Նիկոլ Փաշինյանին․
«Միշտ Փաշինյանին, ուզում է՝ կիրակի լինի, ուզում է՝ երկուշաբթի լինի, միշտ Փաշինյանին կընտրեի»։
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը իշխանության՝ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, արդյո՞ք իր կյանքում որևէ էական փոփոխություն եղել է վերջին 2.5 տարիների ընթացքում։ Մտածելուց հետո, մեր հայրենակիցը պատասխանեց․
«Չէ, կարելի է ասել, բայց դե ջահել չեմ, էլի, որ ասեմ՝ հա, իմ կյանքում՝ աշխատանք, բան․․․ Ես թոշակառու անձնավորություն եմ, թոշակս ստանում եմ, գոհ եմ ամեն ինչից, այնպես որ՝ բան չկա»։
Քաղաքացիներից մեկը, որը ևս նախորդ հարցերին պատասխանելիս իր գոհունակությունն էր հայտնել գործող իշխանություններից, ասաց, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, հույսեր ունի նրա հետ կապված։
«Ես հույս ունեմ, որ Արցախը հետ կվերադարձնեն»,- ասաց նա։
Այնուհետև պատասխանելով ճշտող հարցին՝ ո՞վ, Նիկոլ Փաշինյա՞նը, պատասխանեց․ «Այո»։
Նախորդ 2 հարցերին արդեն պատասխանած թոշակառու մի կին էլ հատուկ շեշտադրությամբ ասաց, թե կընտրի այնպիսի մարդու, որը կռված կլինի, բանակից կհասկանա․
«Թող մտածի, որ սխալ բան է անում, շատ սխալ բան է անում։ Երրորդ անգամ եմ կրկնում՝ շատ էի պաշտում, բայց հիմա՝ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում