«Մի քանի հնարք կա, որով 12 և 18 մետրանոց ավտոբուսները կարող են անցնել նեղ փողոցներով». Հայկ Մարության
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց ավտոբուսների ձեռքբերման մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի անգլիական WYG ընկերությունը մայրաքաղաքի համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել, ըստ որի՝ մոտ 850 ավտոբուս պետք է ունենանք (10 տոկոս էլ պահեստային), որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ, մնացածը՝ 12 և 18 մետրանոց ավտոբուսներ: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն ասաց, որ զրուցել է տրանսպորտի ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնք ասել են, որ այս երկարության ավտոբուսները դժվար կլինի շահագործել Երևանում:
«Հաշվի առնելով, թե ամբողջ օրն ինչ է կատարվում մեր քաղաքում, սեփական մեքենաները շատ են, խցանումները շատ են, ինձ ապացուցում են, որ այդ երկար ավտոբուսները դժվար է լինելու շահագործել: Խորհրդակցություն ունեցե՞լ եք տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ, ի՞նչ են ասել»,- հարցրեց Ներսիսյանը:
Հայկ Մարությանն ասաց, որ ոչ միայն քննարկումներ, այլև փորձարկումներ են եղել: Քաղաքապետի վստահեցմամբ՝ 7.5-8.5 մետրանոց ավտոբուսները մեր քաղաքի համար ամենահարմարն են, բայց բարեհաջող է անցել նաև 12 և 18 մետրանոց ավտոբուսների փորձարկումները:
«Ես այցելել եմ եվրոպական շատ փոքրիկ քաղաքներ, որտեղ 12 մետրանոց ավտոբուսներ են շահագործվում: Մի քանի հնարք կա, որոնք մեր տրանսպորտնիկները գիտեն, ես ինքս էլ նկարահանել եմ, ուսումնասիրել եմ, այդ հնարքներով անգամ ամենանեղ փողոցներով այդ ավտոբուսները շատ հանգիստ անցնում են: Մեզ մոտ 12 և 18 մետրանոցները համեմատաբար ավելի լայն և շատ լայն փողոցներով են երթևեկելու»,- Մարությանը:
Բացահայտված հնարքների մասին քաղաքապետը տեղեկություն չտվեց, հուսանք, մի օր հենց «տրանսպորտնիկները» կիրազեկեն:
Քաղաքապետը նաև պնդեց, որ Ոստիկանության հետ մեծ աշխատաքն ունեն անելու, որ ազատ պահվեն կանգառների հարակից հատվածները, քանի որ ավտոբուսները լինելու են ցածր հատակով, և եթե կանգառի տարածքն ազատ չլինի, ավտոբուսը չի կարողանա մոտիկ կանգնել մայթին, և այդ առանձնահատկության իմաստը կկորի: