«Մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը. Դրանք կլինեն չինական արտադրության». Հայկ Մարության

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին 65 անդամներից ներկա էին 35-ը: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, նկատեց.

«Այսինքն՝ առանց ընդդիմության և անկախ ավագանիների՝ քվորում չկա»:

Հայկ Մարությանն էլ շնորհակալություն հայտնեց բոլորին արտահերթ նիստին ներկա գտնվելու համար: Օրակարգի առաջին հարցով ավագանին փոփոխություն կատարեց 2021թ. բյուջեում: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, որ փոփոխությունները վերաբերում են ավտոբուսների ձեռքբերման, վերելակների՝ 2020թ.-ին մեկնարկած ծրագիրը ավարտին հասցնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար տրամադրվող գումարներին: Ավտոբուսների ձեռքբերման մասին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց.

«Բոլորիդ երևի հայտնի է, որ անգլիական WYG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել, եթե կարճ ասեմ, թվերով, ապա նախատեսված է, որ մոտ 850 ավտոբուս պետք է ունենանք (10 տոկոս էլ՝ պահեստային),  որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ, մնացածը՝ 12, 7, 18 մետրանոց ավտոբուսներ: Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը: Սա բավականին երկար ու դժվար աշխատանք է պահանջել: Առկա պայմաններում հանրապետության շատ և շատ գործարաններ, արտադրողներ  վախենում են ներդրումներ անել, պայմանագրեր կնքել թե՛ համայնքի, թե՛ պետական մասշտաբով, բայց մենք եկել ենք, վստահեցրել ենք, որ մենք վստահ կկատարենք մեր պարտավորությունները, իրենք էլ կկատարեն մատակարարումը: Այսինքն՝ մենք հիմա համալրում ենք, այս 450 ավտոբուսը, որ մենք պետք է  ունենանք 7,5-8,5 մետրանոց, դրանցից 161 հատը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Զուգահեռաբար՝ ՎԶԵԲ-ի և կառավարության հետ համատեղ՝ 1 անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնման տենդերը: Եվս մեկ անգամ տենդեր է դրվել, որը կբացվի մարտի 31-ին: Հուսանք, որ դա կկայանա: Այստեղ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով՝  այս ծրագրի իրագործմամբ քաղաքը կազատվի  միկրոավտոբուսներից, որոնք վտանգավոր են, պրոբլեմատիկ և անհարմար: Հարցին, թե ո՞ր երկրի արտադրանք են լինելու նոր գնվող ավտոբուսները, Մարությանը պատասխանեց, որ դրանք հիմնականում արտադրվում են Չինաստանում:

«Չինաստանում ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել, և այսօր  գերմանական, շվեդական, հոլանդական շատ քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները, մասնավորապես՝ էլեկտրոբուսները՝ գնով գրեթե չզիջելով, որակով անցնելով եվրոպական շատ արտադրողների: Այստեղ մեզ համար կարևորը ոչ թե երկիրն է, որն արտադրում է, այլ, թե ի՞նչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաբարձր պարամետրերը: Բավականին շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասաց Մարությանը:

Տեսանյութեր

Լրահոս