Բաժիններ՝

«Նորանշանակ տնօրենը ուսուցիչներին վախեցնում է, ասում է՝ կազատի աշխատանքից»․ Աբովյանի թիվ 1 դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում է

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը դեմ են նորանշանակ տնօրենին և շարունակում են դասադուլն ու գործադուլը։

«Նորից դասադաուլ է, գործադուլ է, ծնողները եկել են, ոստիկանները նորից դպրոցում են։ Առավոտյան մտել է դպրոց, բոլորին հեգնելով, միջանցքում ուսուցիչներին վախեցնում էր, ասում էր՝ կազատի աշխատանքից․ շանտաժով, վախեցնելով ուզում է ինչ որ բանի հասնի»,– 168.am-ի հետ զրույցում ասաց նույն դպրոցում 3 տասնամյակից ավելի ուսուցչուհի աշխատած, ներկայում դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը։

Նա տեղեկացրեց, որ դպրոցի աշխատակիցների ընդհանուր թիվը 41 է, և բացի 4 մաքրուհիներից, բոլորը մասնակցում են գործադուլին․

«Միայն ուսուցչական կոլեկտիվը 26 հոգի են, 26–ն էլ միաձայն այս պահին այստեղ կանգնած են, գործադուլ են անում, նաև վարչական աշխատողներ են միացել գործադուլին»։

Դպրոցի աշխատակիցը հիշեցրեց, որ տնօրենի մրցույթը կայացել է հունվարի 22–ին, դրանից հետո դասապրոցեսը բնականոն հունով ընթացել է, մինչև որ ԿԳՄՍ նախարարությունից փետրվարի 2–ին որոշման մասին տեղեկացրել են․

«Փետրվարի 2–ին, ժամը 3–ին զանգել են մեր տնօրենին՝ Մետաքսյա Բաբայանին, ասել են՝ շնորհավորում ենք, նախարարը ձեզ է ընտրել, եկեք, որ պայմանագիրը կնքնենք, սակայն 15 րոպե հետո զանգել են, ասել՝ ներողություն, շփոթմունք է եղել, մյուս թեկնածուն է անցել։ Հաջորդ առավոտից՝ փետրվարի 3–ից, այս վիճակն է դպրոցում»։

Նա նշեց, որ դպրոցի խորհրդի կազմի 8 թեկնածուներից 4–ը Կոտայիք նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են, 2–ը՝ բարեկամներ, 2–ը՝ նախկին աշխատակից․

«Իր ծանոթներն ու բարեկամներն են, որոնց Ռոմանոս Պետրոսյանը դեռ 1 տարի առաջ է խորհրդի անդամ նշանակել մեր դպրոցում, իրենցից ոչ ոք բացարձակապես կապ չունի մեր դպրոցի հետ․․․ Եթե ԿԳՄՍ նախարարությունը զիջման չգնա՝ այսպես շարունակվելու է դասադուլ և գործադուլ։ Եթե նախարարությունը զիջման չգնա, ուրեմն ոտնահարում է մեր բոլորիս՝ ուսուցիչների, աշակերտների, ծնողների իրավունքները։ Մենք բոլորի դիմում–բողոքները՝ և՛ ծնողների, և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների, տարել ենք նախարարություն։ Եթե այդքան մարդու ոտնահարում են, ուրեմն այդքան մարդը պատրաստ է մինչև վերջ պայքարելու ու դրանում ընդհանրապես ոչ ոք թող չկասկածի։ Նշեմ նաև, որ բոլոր ուսուցիչները պատրաստ են իրենց ազատման դիմումները գրեն ու գնան։ Մեր դպրոցը նախարարության ենթակայության տակ է, թող նախարարը գա»։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատասխանե՞լ է ձեր նամակին, որը նախորդ հինգշաբթի օրը հանձնել էիք կառավարություն, դպրոցի աշխատակիցը պատասխանեց․

«Սպասում ենք պատասխանին, ասել են՝ 1 ամիս էլ կարող է տևի պատասխանը, բայց նաև ասացին՝ կաշխատենք ամենակարճ ժամանակում ձեր նամակին պատասխան տալ։ Չգիտես՝ ինչու, վստահ ենք, որ վարչապետն այս հարցը կլուծի հօգուտ մեզ»։

168.am–ը զրուցեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանի հետ։

Վերջինս տեղեկացրեց, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում ծնողների և մանկավարժական կոլեկտիվի հետ․

«Հույս ունենք, որ դպրոցը վեր կգտնվի այդ ամեն ինչից և երեխաներին չեն խառնի որևէ քաղաքական հարցերի։ Մրցույթի ընթացակարգային առումով որևէ խախտում չի եղել, լիազոր մարմինը կայացրել է իր որոշումը, որը օրենքով սահմանված կարգով է։ Մենք գտնում ենք, որ դպրոցում ամենապատվաբեր պաշտոնը ուսուցչի պաշտոնն է և լիահույս ենք, որ շատ արագ կկարգավարվի այդ ամենը, քանի որ մեզ համար կարևորը երեխաների կրթության իրավունքն է»։

Հարցին, թե նախադեպեր կան, երբ նույն կարգով դպրոցի տնօրեն է նշանակվել, սակայն աշակերտներն ու ուսուցչական կազմը կրկին բոյկոտել են, և, ի վերջո, տնօրենը մարզպետարանի և նախարարության աշխատակիցների հետ քննարկումներից հետո հրաժարական է տվել, արդյոք հնարավո՞ր է այստեղ ևս նույն սցենարը գործի և նորանշանակ տնօրենը հրաժարական տա, քանի որ ուսուցիչները անգամ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, Սարդարյանը պատասխանեց․

«Ըստ էության չեմ կարող ասել՝ նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ, բայց իրականության մեջ որևէ բան նաև չեմ կարող բացառել»։

Դիտարկմանը, որ դպրոցի ուսուցչական անձնակազմը և ծնողներն ահազանգում են նաև, որ խորհրդի կազմում Կոտայքի նախկին մարզպետ, ներկայիս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն ու նախկին օգնականներն են, ԿԳՄՍՆ ներկայացուցիչն ասաց․

«Ես խորհրդի անդամներից որևէ մեկին չեմ ճանաչում և չեմ կարող ասել, թե ով ում է բարեկամ։ Մեր գործող կարգով որևէ խախտում չկա, եթե 4/4 հավասար ձայներ են ունենում 2 մասնակիցները, ապա լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում ընտրում է տնօրեն, բայց հիմա մենք մտածում ենք այս կարգի վրա աշխատենք, որպեսզի խորհուրդն ինքը վերջանական որոշում կայացնի և ինքն ընտրի դպրոցի տնօրեն, որ նմանօրինակ դեպքերը բացառենք»։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին դպրոցի ուսուցչական անձնակազմը ակցիա էր անցկացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ այդկերպ արտահայտելով իրենց դժգոհությունը:

Նրանք այն ժամանակ էլ էին հայտարարել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, և, որ իրենց համար սպասելի էր այդ նշանակումը:

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր ուսուցիչների տարածած տեղեկությունը: Նա մասնավորապես գրել էր.

«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ, և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս