«Թուրքիայի ներգրավումը տարբեր կոնֆլիկտներում և նրա դերակատարմանը կանաչ լույս տալը՝ նաև Ռուսաստանի կողմից, հղի է շատ անկանխատեսելի հետևանքներով». Ռուբեն Մելքոնյան

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը փետրվարի 1-ին պատասխանելով ռուս լրագրողների հարցերին ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ՝ ասել է, որ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ. «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել։ Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, և ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծվել»,- ասել էր Դմիտրի Մեդվեդևը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի այս հայտարարությանը՝ նշեց, որ այն նշանակում է՝ իրական քաղաքականություն, որտեղ սենտիմենտալ մոտեցումը և ոչ ռեալ քաղաքական ընկալումները տեղ չունեն։

«Սա նշանակում է՝ իրական քաղաքական պատկերի փաստարկ, որովհետև Թուրքիան, ցավոք, վերջին տարիներին հատկապես, էականորեն փոխել է իր դիրքը, կարգավիճակը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, որի հետ հաշտվում են տարբեր երկրներ, բացառություն չէ նաև մեր դաշնակից երկիր Ռուսաստանի Դաշնությունը։

Իհարկե, այստեղ կարող ենք տեսնել հայ-ռուսական հարաբերությունների ոչ բարվոք վիճակի արձագանքներ, չնայած չէի ցանկանա սա առաջնային պլան բերել, կարծում եմ՝ իրական պատճառները հստակ քաղաքական հաշվարկներն են։ Այդուհանդերձ, այստեղ չենք կարող անտեսել այն, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենևին էլ լավ վիճակում չեն։ Այս իշխանությունները, նրանց մերձ կանգնած որոշ շրջանականեր այսօր էլ շարունակում են հստակ հակառուսական հռետորաբանություն կիրառել, և դրա օրինակները բազմաթիվ են վերջին 2-3 տարվա ընթացքում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ թուրքագետի, Մեդվեդևի հայտարարությունը, բացի իրական քաղաքական վիճակն արձանագրելուց, նաև շատ ավելի հեռուն գնացող ու կոնֆլիկտաստեղծ երևույթների պատճառ հանդիսացող երևույթ է։

«Թուրքիայի ներգրավումը տարբեր կոնֆլիկտներում և նրա դերակատարմանը «կանաչ լույս» տալը՝ նաև Ռուսաստանի կողմից, հղի է շատ անկանխատեսելի հետևանքներով: Մեր տարածաշրջանը և Արցախյան խնդիրը, որն ամենակարևոր չլուծված խնդիրն է, և դրանում Թուրքիայի մասնակցությունը չի կարող ունենալ որևէ դրական հետևանք։ Չպետք է մոռանալ, որ այդ հայտարարությունն արվել է մի մարդու կողմից, որը, ենթադրում եմ, ռուսական քաղաքական դաշտի մի որոշակի շրջանակն է ներկայացնում։ Մենք տեսնում ենք այդ նույն քաղաքական դաշտից տարբեր ոճի հայտարարություններ ու գնահատականներ։ Ընդհանուր պատկերը հասկանալու համար պետք է այդ բոլոր գնահատականները դիտարկել մեկ ընդհանուր պատկերում։ Սակայն փաստենք, որ Մեդվեդևի հայտարարությունը բավականին մտահոգիչ է և ցույց է տալիս քաղաքական իրավիճակը և քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ։ Ֆիքսենք, որ այդ փոփոխությունները հստակ ձեռնտու չեն Հայաստանին, բայց այնպես էլ չէ, որ շատ ձեռնտու է Ռուսաստանին։ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ Ռուսաստանը շարունակում է մնալ թշնամի, կարող է ժամանակավորապես նրանց հարաբերությունները բարելավվեն, տնտեսական խնդիրները դառնան առաջնային, բայց, միևնույն է, այդ երկրները շարունակում են մնալ տարբեր քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեցող երկրներ»,- հավելեց նա։

Շարունակելով միտքը՝ թուրքագետը նկատեց, որ Մեդվեդևի հայտարարությունն անպայմանորեն իր մեջ պարունակում է մեսիջ, սակայն դժվար է ասել, այն ուղղված է հայկական իշխանությա՞նը, թե՞ նաև սիրաշահելու որոշակի քայլ էր՝ ուղղված  թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիայի նախապայմանն էր ու ցանկություններից մեկը՝ ներգրավվել Արցախի կոնֆլիկտում։

«Տեսնում ենք, որ դե յուրե Թուրքիան Արցախի կոնֆլիկտի այս փուլին մասնակցություն չունի, նրա ստորագրությունը չկա նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, նաև հունվարի 11-ին հայտարարության մեջ, բայց նրա  ցանկությունը շարունակում է մնալ՝ մասնակցելու այս կոնֆլիկտին։ Դրա համար ՌԴ-ի այդ հայտարարությունը պետք է դիտարկենք՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային։ Այս տարածաշրջանում Թուրքիայի մուտքը ենթադրում է Ռուսաստանի նախկին դիրքերի որոշակի նվազում ու սահմանափակում։ Չմոռանանք հայտնի խոսքը, որ Կրեմլն ունի բազմաթիվ աշտարակներ, և ենթադրենք, որ սա այդ կրեմլյան աշտարակներից մեկի կարծիքն է ու մեսիջն այդ մեկ աշտարակից։ Բայց կան պայմանական քաղաքագիտական աշտարակներ, և դրա համար պետք է տեսնել, թե այլ աշտարակներից ինչ մեսիջներ կան։ Բայց առանձնացնենք այն, որ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցը գտնվում է օրակարգում, Մեդվեդևն էլ ըստ էության այդ վարկածը չի հերքում, որ ստատուսի հարցը կա, սակայն այն պետք է քննարկվի ավելի ուշ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս