«Շատ փորձառու և պրոֆեսիոնալ քննիչներ կան, սակայն նրանք չեն կարողանում չլինել իրենց վերադասի կամ իշխանական թևի կամակատարները». Թաթուլ Պետրոսյան

«Ոստիկանության ծառայողի, քննիչի, դատախազության աշխատակցի, առհասարակ ուսադիր կրող յուրաքանչյուր անձի համար պատիվն ու արժանապատվությունը, որ ձեռք են բերում ողջ կյանքի ընթացքում, վեր են ամեն ինչից, նույնիսկ՝ կյանքից: Եվ իրենց համար խոր ցավ պիտի լինի յուրաքանչյուր դավաճանական քայլ՝ անկախ նրանից՝ ում կողմից դա կլինի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) Վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների պարտականությունն է՝ ապահովել հասարակական կարգը, և համազգեստով նրանք ծառայություն են իրականացնում այնտեղ, որտեղ այդ օրն իրենց նշանակել են ծառայության:

«Ես Ազգային ժողովի մոտ տեղի ունեցածի տեսագրությունն եմ դիտել, ու այնտեղ հստակ պատկերված էր, թե ինչից վեճն առաջացավ: Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում, և դա արգելված չէ որևէ իրավական ակտով: Իրենց ակցիան իրականացնելու ժամանակ նրանք կանգնած էին պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մեքենայի մոտ: Մեքենան կանգնած էր, և դա նույնպես էական հանգամանք է, որովհետև եթե այն շարժման մեջ լիներ, կարող էր վթարային իրավիճակ առաջանալ: Զարմանալին այն էր, որ ԱԺ պատգամավորն այդ դրվագում հարձակողական վարքագիծ դրսևորեց, նախահարձակ եղավ, և սկսվեց հայհոյանքների տեղատարափ, ինչն անընդունելի է հասարակության մեջ, ուր հաստատապես նաև կանայք ու երեխաներ կային»,- ասաց արդարադատության գեներալ-մայորը՝ անդրադառնալով ԱԺ-ի մոտ իմքայլական նախկին լրագրող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Թաթուլ Պետրոսյանի պնդմամբ՝ ակնհայտ է, որ այս պարագայում պատգամավորի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է դատական համակարգի դեմ սկսված հարձակումներին, Թաթուլ Պետրոսյանն ասաց, որ մեր ժողովրդին ճիշտ պետք է բացատրել՝ ինչ ասել է քրեական արդարադատությունը:

«Դատարանն ինքնաբերաբար չի իրականացնում քրեական արդարադատություն: Դատական ակտը կայացվում է նաև հետաքննական դատախազական աշխատանքի արդյունքում: Հիմա դատարանները բազմաթիվ ձերբակալությունների որոշումներ դիտում են ոչ իրավաչափ և շատ դեպքերում մերժում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Դատարանն այդ որոշումներն օդից չի վերցնում»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, որ շատ հաճախ դրանք մերժվում են ոստիկանների ու քննիչների թերի կամ ոչ բավարար աշխատանքի արդյունքում:

Շատերն էլ, ըստ արդարադատության գեներալի, ձերբակալության որոշում են կայացնում, որ պատասխանատվությունն իրենց վրա չմնա:

«Չէ՞ որ բոլորի համար ակնհայտ է, որ իրավապահ մարմիններն այսօր անկախ որևէ գործունեություն չեն կարողանում իրականացնել: Եվ այդպես գնում է դատարան, իսկ դատարանը բոլոր դեպքերում կիրառում է օրենքը»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ շեշտելով, որ թեպետ այսօր շատ փորձառու և պրոֆեսիոնալ քննիչներ կան, ովքեր լավ գիտեն օրենքի տառը, սակայն ոստիկանության շատ աշխատակիցներ ու քննիչներ կատարում են քաղաքական պատվեր, չեն կարողանում չլինել իրենց վերադասի կամ իշխանական թևի կամակատարները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս