Սրան անհնար է տալ իրավական գործընթաց որակումը. փաստաբանը՝ Գորիսի քաղաքապետի գործի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի մոտից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով՝ ներկայացնելու հետևյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը,

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը,

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

Փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով՝ ռազմական դրությունն արհեստական է պահպանվում և քրեաիրավական տարրեր է պարունակում՝ նման տեմպով շարունակելու դեպքում:

«Կհիշեք՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը հպարտ ասաց, որ գիտի՝ ինչո՞ւ ենք ուզում վերացնել ռազմական դրությունը: Նրա համար, որ անվստահություն հայտնեք: Պատկերացնո՞ւմ եք: Այսինքն, գիտակցում են և փորձում են սահմանափակել: Կներեք, սա արդեն քրեաիրավական տիրույթի հարց է: Մենք փորձում ենք դա կասեցնել այս պահին՝ խնդրելով վերացնել ռազմական դրությունը, անվստահություն հայտնել վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, որովհետև արդեն նժարին դրված են ոչ թե քաղաքական կամ նման տեսակի հարցեր, այլ Հայրենիքի հետ կապված հարցեր: Մենք արդեն գործ ունենք ոչ միայն Արցախի հետ կապված, այլև ՀՀ սահմանների հետ կապված հարցերի հետ: Մենք գործ ունենք խնդիրների հետ, որոնք իրական և վճռական լուծումներ են պահանջում, և այն պայմաններում, որտեղ հիմա գտնվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, նա չի կարող դա անել: Այդ առումով անկարող է: Հորդորելու ենք նաև, որ այն փաստաբանները, ովքեր դեռ «Իմ քայլում» են, դուրս գան այդ խմբակցությունից»,- ասաց Արամ Վարդևանյանը:

ՀՀ գլխավոր դատախազի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ էլ խոսելով՝ փաստաբանը հիշեցրեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործը, երբ նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին:

«Այդ նույն գործիքը թող իրացնեն այս դեպքում: Պետք է լինել օբյեկտիվ և ծառայել օրենքին: Պարզ է, չէ՞, որ այս բոլոր հաղորդումները՝ Մովսես Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի ձայնագրությունը, որ 10 օր զորք չեն տալիս, այդ ամենը վերաբերում է կոնկրետ անձի՝ վարչապետի: Բա հիմա ո՞նց անենք քննություն, երբ վարչապետը կարողանում է գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, Վճռաբեկի դատավորներին իր կաբինետ կանչել: Այդ կարգավիճակից օգտվում է, դրա համար դա պետք է ժամանակավորապես դադարեցնել և կատարել քննություն»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ կատարվող իրավական գործընթացներին՝ Արամ Վարդևանյանը նկատեց. «Սրան անհնար է տալ «իրավական գործընթաց» որակումը, որովհետև նա հայտարարեց ակցիայի իրականացման մասին, որը հաճելի չէր իշխանությանը, որովհետև փաստացի դուրեկան չէր վարչապետին, ու դրանից հետո ձերբակալեցին: Այստեղ ի՞նչ իրավական գործընթաց: Քաղաքական հետապնդում է, փորձում են արհեստականորեն մեկուսացնել: Դատավորը, ում մակագրվել է գործը, դրականը չեմ կարող իր մասին ասել, բայց հուսանք՝ կկարողանա իրականացնել արդարադատություն, իր մեջ կունենա այդ կամքը, և նշված զավեշտալի քրեական գործը կանցնի, կգնա»:

Տեսանյութեր

Լրահոս